ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ
Ռուսաստանի կողմից միջին հեռահարության նոր հրթիռի մշակումը կարող է աշխարհը դնել միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլի եզրին: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ռուսաստանը, արդիականացնելով իր միջուկային ուժերը եւ զինավարժություններ իրականացնելով միջուկային զենքի կիրառմամբ, կարող է միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլ սանձազերծել Եվրոպայում»,- ասել է նա Bild գերմանական հրատարակությանը տված հարցազրույցում:
Ստոլտենբերգը հղում է արել ԱՄՆ-ի տվյալներին, որը, նրա խոսքով՝ պարզել է, որ Ռուսաստանը մշակում է միջին հեռահարության նոր հրթիռ, ինչը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ 1987 թվականի պայմանագրին խախտում է:
Ռուսաստանի այդ գործողությունները «տագնապ են առաջացնում» ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերների շրջանում, հայտարարել է Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Ռուսաստանը շահագրգռված չեն սպառազինությունների մրցավազքով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: