«Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար». Շարմազանով
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն առանձնացրել է Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի կարևոր շեշտադրումները։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովը նախ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի ելույթը Մյունխենում տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ջատագով առաջնորդի ելույթ էր։
«Պարոն Նախագահը մի քանի հստակ մեսիջներ հղեց։ Առաջին, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության ջատագով է․ մենք ամեն ինչ արել ենք և անելու ենք, որպեսզի մեր տարածաշրջանում չլինեն բաժանարար գծեր, այլ Հայաստանը իր ավանդը բերի խաղաղության և կայունության գործընթացին։ Բնականաբար, Նախագահը շատ հստակ անդրադարձ կատարեց թե հայ-թուրքական հարաբերություններին, թե Ադրբեջանի հետ կապված խնդիրներին։ Նախ առաջինը Նախագահը հստակ նշեց, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարության պատճառով այսօր մենք ունենք փակ սահմաններ։ Բեռլինյան պատի քանդումից շուրջ 30 տարի անց դեռևս Եվրոպայում շարունակում են մնալ փակ սահմաններ։ Այս խնդիրը չի կարող այդպես անվերջ մնալ։ Թուրքիան չպետք է նախապայմաններով խոսի և վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։ Նախագահը նաև հստակ նշեց, որ Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանի համար»,- նշել է Շարմազանովը։
ՀՀ ԱԺ փոխնախագահն ամենակարևոր մեսիջներից մեկն այն է համարում, որ Երևանը «վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որքան էլ որ զառանցանք են, սակայն երբ միջազգային կառույցները, եվրոպական կառույցները, անվտանգության պատասխանատու կառույցները համաշխարհային քաղաքականության մեջ դրան չեն արձագանքում, դա իսկապես շատ վտանգավոր է դառնում։ «Ես իմ ելույթներում էլ եմ ասել, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, և պատահական չէր, որ Ալիևի գործողությունները համեմատել եմ 20-րդ դարի 30-ական թվականներին Հիտլերի գործողությունների հետ»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը։
Նա կարևորել է նաև այն հանգամանքը, որ արդեն հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ Նախագահը կրկին անդրադարձավ Ադրբեջանի նախագահի զառանցանքներին և հստակ նշեց, որ հայ ժողովուրդն առնվազն 5 հազար տարի ապրում է իր բնօրրանում, իսկ նման հայտարարություններն ուղղակի ծիծաղելի են:
«Այս ելույթով պարոն Նախագահը տարածաշրջանային խնդիրներին ուշադրության սևեռման ազդակ հնչեցրեց միջազգային հանրությանը, որ մեր տարածաշրջանում կա երկու սպառնալիք՝ Ադրբեջանը և Թուրքիան։ Թուրքիան պակաս սպառնալիք չէ, որովհետև, սատարելով Ադրբեջանի ահաբեկչական, ագրեսորական քաղաքականությունն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Թուրքիան ագրեսորին թևեր է տալիս»,- մանրամասնել է Շարմազանովը:
Նա նկատել է, որ ՀՀ Նախագահը ևս մեկ անգամ հստակ շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարը եղել է իրավական, օրինական, ազատության համար պայքար, իսկ այդ ազատության համար պայքարին Ադրբեջանը պատասխանել է պատերազմով։ «Պարոն Նախագահը ևս մեկ անգամ հստակ նշեց ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը և ընդգծեց, որ Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի տասը սկզբունքները մեկ միասնական ընդհանրություն են, և դրանցից որևէ մեկը չպետք է տարանջատվի կամ հակադրվի մյուսներին»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ Նախագահը հստակ շեշտել է, որ Եվրասիական տնտեսական Միության և Եվրոպական Միության հարաբերություններում Հայաստանը փորձել է ազնիվ լինել իր գործընկերների հետ, և լավագույն օրինակն է մեկ միությունում լինելու և մեկ այլ միության հետ դրական հարաբերություններ ունենալու առումով։
Էդուարդ Շարմազանովը կարևորում է նաև ՀՀ Նախագահի հայտարարությունն այն մասին, որ ոչ ոք չի կարող հայ ժողովրդին շեղել իր ճանապարհից, քանի որ այդ ժողովուրդը առնվազն 5 հազար տարի ապրում է իր բնօրրանում: «Այդ ընթացքում շատ ու շատ կայսրություններ են եկել ու գնացել, կորել, սակայն Հայաստանն ու հայ ժողովուրդը շարունակում է կանգուն մնալ և ապրել իր բնօրրանում»,- եզրափակեց Շարմազանովը: