«Ի՞նչ». ամերիկացին կնոջ հղիության մասին իմացել է ինքնաթիռի օդաչուից
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի բնակչուհի Օդրի Ռոուզը որոշել է ոչ սովորական ձեւով հայտնել ամուսնուն այն մասին, որ իրենց ընտանիքին համալրում է սպասում. նրա փոխարեն դա արել է այն ինքնաթիռի օդաչուն, որով նրանք Թամփայից թռչում էին Չիկագո: Այդ մասին գրել է Global News-ը:
Օդրիի խոսքով՝ իրենց առաջնեկի դեպքում իր ամուսինը՝ Դեւիդը, ամեն բան իսկույն հասկացավ իր դեմքից: Այս անգամ նա ցանկացել է ամեն ինչ այլ կերպ անել, ուստի նամակ է գրել ինքնաթիռի անձնակազմին:
«Ես մեծ խնդրանք ունեմ: Հենց նոր իմացա, որ հղի եմ, եւ ցանկանում եմ անակնկալ մատուցել ամուսնուս: Հուսով եմ՝ դուք այդ մասին կհայտարարեք թռիչքից առաջ»,-ասված է նամակում:
Դեւիդի արձագանքը Օդրին տեսագրել է: Սկզբում նա պարզապես նայումէր սմարթֆոնին, բայց հետո լսել Է իր անունը եւ իսկույն ամեն ինչ հասկացել: «Դատելով ըստ ամենայնի, Դեւիդ եւ Օդրի Ռոուզները գաղտնի ինքնաթիռ են անցկացրել եւս մեկ ուղեւորի»,-բարձրախոսով հայտարարել է անձնակազմի հրամանատարը: Դրանից հետո հոլովակի մեծ մասում Դեւիդը ժպտում է եւ կրկնում նույն բառը՝ «ի՞նչ»: Վերջում նա կնոջից հետաքրքրվում է թե ինչպես նրան հաջողվեց դա անել, համբուրում է նրան. իսկ հետո եւս մեկ անգամ կրկնում՝ «ի՞նչ»: Մյուս ուղեւորները զույգին ողջունել են ծափահարություններով:
Օդրին խոստովանել է, որ գոհ էհաջողված անակնկալից:
«Ես նայում էի նրան եւ արտասվում, ես շատ հուզված էի, շատ էի նյարդանանում: Նրա դեմքի արտահայտությունն անգին էր: Հենց այդ արձագանքին էի սպասում»,- պատմել է Օդրին Global News-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: