Ամերիկացի հոգեբանները հաշվել են «երջանիկ մարդու» աշխատավարձը
Վիրջինիայի եւ Փերդյուի համալսարանների (Ինդիանայի նահանգ) հոգեբանները պարզել են եկամտի միջին օպտիմալ չափն ամբողջ աշխարհում. տարեկան 95 հազար դոլարը թույլ է տալիս մեկ մարդուն լիովին գոհ լինել կյանքից, իսկ հուզական հավասարակշռության համար բավարար կլինի նաեւ տարեկան 60-75 հազար դոլարը: Այդ մասին գրել է MarketWatch-ը՝ հղում անելով այն հետազոտությանը, որը հրապարակված է Nature Human Behavior ամերիկյան հանդեսում:
Երեխաներ ունեցող ընտանիքներին ավելի շատ փող կպահանջվի, բայց ցանկալի միջոցների աճն ուղղակի կախվածության մեջ չէ ընտանիքի անդամների թվաքանակից:
Աշխարհագրական տարբերություններն անխուսափելի են. ավստրալացիներին երջանիկ լինելու համար մեկ մարդու հաշվով տարեկան հարկավոր է 125 հազար դոլար, Հյուսիսային Ամերիկայի բնակիչներին՝ 105 հազար դոլար, Արեւմտյան Եվրոպայի բնակիչներին՝ 100 հազար դոլար: Մինչդեռ Արեւելյան Եվրոպայում օպտիմալ մակարդակն զգալիորեն ցածր է՝ տարեկան 45 հազար դոլար, Հարավային Ամերիկայում էլ ավելի ցածր է՝ 35 հազար դոլար:
Գիտնականները վերլուծել են աշխարհի 164 երկրներում 1,7 մլն մարդկանց համար Gallup կոնսալտինգային ընկերության համաշխարհային վարկանիշի տվյալները եւ աշխատավարձի մակարդակը համադրել կյանքից բավարարվածության մակարդակի հետ: Որքան ավելի է եկամուտը գերազանցում օպտիմալ մակարդակը, մարդն այնքան ավելի քիչ է ուրախանում կյանքով, պնդում են հետազոտության հեղինակները:
Գիտնականների հաշվարկների համաձայն, երջանկությունն ավելի էժան է նստում տղամարդկանց (տարեկան 90 հազար դոլար), քան կանանց վրա (տարեկան 100 հազար դոլար), տարրական կրթությամբ մարդկանց բավարար կլինի 70 հազար դոլարը, իսկ բարձրագույն կրթությամբ մարդուն կպահանջվի 115 հազար դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը