Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Այս հանդիպման մասին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` նշելով, թե իշխանությունը լեգիտիմ չէ, ԱԺ-ն լեգիտիմ չէ, հետեւաբար.
«Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետեւաբար, լեգիտիմ համարվել»:
Հանդիպմանը ՀԱԿ-ից մասնակցել են միայն փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, նաեւ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը:
Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում ՀՀ նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը վարչապետ էր, այդ հանդիպմանը չի մասնակցել:
Հավանաբար չի ցանկացել: Բայց Արմեն Սարգսյանն ավելի ուշ չի բացառել իր հանդիպումները ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հետ ավելի ուշ հանդիպումը տեղի կունենա, այս եւ այլ հարցերը պարզելու համար «Ժողովուրդ» թերթը զրուցեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ:
«Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Ինձ համար նորություն է նրա ասածը, եւ որեւէ բան չեմ կարող ասել: Նման ինֆորմացիա չկա էլ, որ պետք է հանդիպեն: Որքանով հասկանում եմ` նա իր ցանկության մասին է հայտնել»,- ասել է Զուրաբյանը:
Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասել է, թե իր գնահատականները շատ հարցերում տարբերվում էին ՀԱԿ-ի գնահատականներից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: