Հարկային բեռի նվազման առաջարկները պետք է հավասարակշռվեն այլ լուծումներով․ ֆինանսների փոխնախարարը` «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստի մասին
Հարկային օրենսգրքում դրույքաչափերի փոփոխությունների առաջարկները պետք է զուգորդվեն հարկային մուտքերի հավասարակշռման այլ առաջարկներով։ ԶԼՄ ներկայացուցիչների համար սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղեկալ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 16-ին հրավիրված արտահերթ նիստին, որի օրակարգում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն է։ «Արտահերթ նիստ հրավիրելով՝ ընդդիմությունը որոշակի նպատակներ ունի։ Օրինակ, «Ծառուկյան» խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունը եկամտահարկային սանդղակում փոփոխություններ կատարելու մասին։ Լինելու են նաև առաջարկներ, որ ակզիցային հարկի դիրույքաչափերը սեղմված գազի և դիզելային վառելիքի համար իջեցվեն ու բերվեն նախկին տեսքին։ Բայց ցանկացած բեռի նվազման փոփոխության առաջարկ, եթե չի ունենալու դրա ազդեցության վերականգնման կամ հավասարակշռման այլ առաջակներ, ուրեմն սպեկուլյացիա է։ Սա որպես ոսկե կանոն եկեք ֆիքսենք»,- ասաց փոխնախարարը։
Դավիթ Անանյանի խոսքով՝ եթե առաջարկները լինեն միակողմանի, ուրեմն պարզապես խոսակցություններ են՝ հուզականության նրբերանգով հանրությանը մատուցելու նպատակադրումով։
Նա շեշտեց, որ Կառավարությունը դեռևս 2016-ին կանխատեսել էր, որ հարկային փոփոխությունները բերելու էին գնաճի, բայց գիտակցաբար փոփոխություն են կատարել՝ ունենալով երկարաժամկետ տնտեսական աճի նպատակ։