Ռուսաստանում պարսկերենի օլիմպիադայում երկրորդ մրցանակին արժանացել է ԵՊՀ ուսանողը
Ռուսաստանում կայացած պարսկերենի տասնչորսերորդ ուսանողական օլիմպիադայում Երևանի պետական համալսարանի ուսանողն արժանացել է երկրորդ մրցանակի:
Օլիմպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Աստրախանի համալսարանի ուսանող Յուվենալի Սերիխը, երկրորդ մրցանակը՝ հայաստանյան մայր բուհից Հայկ Ղազարյանը, երրորդ տեղը՝ Մոսկվայի բանասիրական գիտությունների համալսարանի ուսանողներից Ալեքսանդր Նիկոլաևը: Հաղթողները պարգևատրվել են գովասանագրերով և խրախուսական նվերներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնից, օլիմպիադան տեղի է ունեցել փետրվարի 6-ին Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտում՝ Ռուսաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և Սաադի հիմնադրամի աջակցությամբ:
Բացման արարողությունից հետո ուսանողները հանձնել են չորս քննություն, որոնցում ստուգվել են նրանց՝ պարսկերեն լեզվով գրելու, խոսելու, ընթերցելու և ընկալելու կարողությունները:
Մրցույթի արդյունքները գնահատել են Ռուսաստանի մի քանի համալսարաններից հրավիրված դասախոսներ Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի Պարսից լեզվի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վլադիմիր Իվանովի գլխավորությամբ:
Օլիմպիադային մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Ղրղզստանի համալսարանների ավելի քան քառասուն ուսանողներ:
Մրցույթի փակման արարողությանը ներկա են գտնվել Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սանային, Մոսկվայում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Ռեզա Մալեքին, Սաադի հիմնադրամի ներկայացուցիչ Աբբաս Նեջարը և Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի Պարսից լեզվի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Վլադիմիր Իվանովը:
Պարսից լեզվի համառուսական օլիմպիադան անցկացվում է 2003 թվականից: Անցյալ տարվանից այն վերածվել է տարածաշրջանային մրցույթի: