Մեղվաբույծները խնդրի առաջ են կանգնած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունեցիները մեղրը քամել են, պինդ-պինդ պահել: Ամեն օր նկուղ են իջնում և տարաները հատ առ հատ հաշվում: Անընդհատ հաշվում են, բայց դրանք չեն պակասում: 2017 թվականի ստացած ամենաքաղցր բերքը Սյունիքի մարզի մեղվաբույծներն իրացնել չեն կարողանում:

Մարզում գործող «Մեղու» ՀԿ նախագահ Վլադիկ Ղուկասյանն իր քաղցր բերքը նախորդ տարվա աշնանն է սպառել: «Փաստ»-ի հետ զրույցում, սակայն տեղեկացրեց, որ մեղվաբույծները բերքի իրացման լուրջ խնդրի առջև են կանգնած: Նրա ընկերոջ՝ Աշոտ Սարգսյանի մեղրը դեռ մնում է: «2 տոննա մեղրը փոքր բոչկաներով շարված է միջանցքում:

1 տոննան է միայն կարողացել վաճառել: Էժան որ ծախում է, ձեռ չի տալիս: Մեղրից գինի է քաշում, բարձր որակի օղի է պատրաստում»,-ներկայացրեց մեղվաբույծը: Սյունեցիների մեղրի իրացման շուկան իրենց մարզում է կամ էլ Երևանում. առևտրի աշխարհագրությունն առայժմ չեն կարողանում փոխել: «Ամերիկացիները շատ էժան են ուզում մեղրը՝ կիլոգրամը 185 դրամ, բայց մենք չենք տալիս: 50 տոննա ուզում էին: 3 տարի առաջ 3000 դրամով էինք վաճառում, բայց չէր սպառվում: Որոշեցինք 2500-ով մեր ժողովրդին վաճառել»,-նշեց «Մեղու» ՀԿ նախագահը: Նախորդ տարի հանրապետությունում մեղր քիչ է արտադրվել:

Մեղվաբույծների հույսերը չէին արդարացել՝ առատ բերք էին ակնկալում, բայց անհամեմատ ավելի քիչ էին ստացել: 2016-ի 3500 տոննայի փոխարեն մոտ 1500-ն են ստացել: Չորային եղանակի պատճառով են տուժել: Մեղվապահ Վլադիկ Ղուկասյանի համար այս տարվա եղանակային պայմաններն էլ հուսադրող չեն: Հիմա նրա մեղուները դաշտերում բզզում են՝ ծաղկափոշի են հավաքում: Անձյուն և տաք ձմեռը մեղվաբուծության օգտին չէ: Մեղվաբույծներն ապագա բերքի համար անհանգստացած են: «Եթե ձյուն եկավ և սարերում նստեց, ամեն ինչ նորմալ կլինի: Հիմա տաք է, մեղուն արդեն ձվադրում է, հետո ցուրտ կլինի և կցրտահարվեն: Տաք եղանակի դեպքում մեղուն ակտիվանում է, սկսում է կուտակած պաշարն ուտել»,-փաստեց մեր զրուցակիցը:

Վլադիկ Ղուկասյանի խոսքով` մեղվաբույծները կարող են ստացած եկամուտը եռապատկել կամ քառապատկել, եթե ժողովուրդը գնողունակ լինի և մեղր ուտելու հաճույքից իրեն չզրկի: Իսկ այսօրվա գնաճի դեպքում, նրանք իրենց զրկում են ամենաօգտակար ուտելիքից: Մեղուն կարող է բարձր շահույթ ապահովել, եթե բերքը կայուն գնով իրացվի: Ըստ Ղուկասյանի` մեղրի արտահանումը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը, միայն թե զարմանում է` ինչո՞ւ վարչապետը բոլոր ոլորտներին անդրադարձել է` բացի մեղվաբուծությունից:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս