Բաժիններ՝

ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատարն Ադրբեջանին կոչ է արել բարելավել ժողովրդավարական իրավիճակը

Փետրվարի 9-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Կողմերը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նշել են, որ քննարկել են երկկողմ հարցերի ողջ շրջանակը` ներառյալ Ղարաբաղյան հարցը և էներգետիկ ծրագրերը: Մոգերինին նշել է, որ Եվրամիության համար ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերը մնում են որպես առաջնահերթություններ:

«Կարևոր է, որ Ադրբեջանը կատարի այս ոլորտներում ստանձնած պարտավորությունները»,-նշել է Մոգերինին, և հավելել, որ այդ ամենը վերաբերվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացմանը, հանրահավաքների, մամուլի ազատության իրավունքի պահպանմանը:

Մոգերինին ընդգծել է, որ այս ամենը հատկապես կարևոր է Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների նախօրեին:

ԵՄ պաշտոնյան անդրադառնալով Ղարաբաղյան հարցին նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և բանակցային ճանապարհով: Մոգերինին հակամարտության կողմերին կոչ է արել թուլացնել սահմանային լարվածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս