Պետոյի աշխատանքների ցուցադրություն Կոնվերս Բանկում

Փետրվարի 9-ին Կոնվերս Բանկի Գլխամասի սպասարկման սրահում սկսվեց նկարիչ Պետո Պողոսյանի՝ Պետոյի աշխատանքների ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ջրաներկով կատարված 25 աշխատանք՝ քաղաքային նկարի ժանրում:

«Կոնվերս Բանկում գեղանկարչական աշխատանքների մշտական ցուցադրություն գործում է արդեն երկու տարի: Այս ժամանակահատվածում մեր հաճախորդներին ենք ներկայացրել ինչպես կայացած արվեստագետների, այնպես էլ Էորնեկեան դպրոցի սաների աշխատանքները՝ նպատակ ունենալով հաճախորդների համար սպասարկման հարմարավետ պայմաններ ստեղծել և նրանց հնարավորություն տալ զուգահեռաբար հաղորդակցվել ժամանակակից հայ գեղանկարչությանը»,- ասացին Կոնվերս Բանկում:

Ցուցադրության շրջանակներում Բանկի հաճախորդներին ներկայացված աշխատանքներին միավորում է ծնուդով Գյումրեցի երևանաբնակ Պետոյի սերը Հայաստանի երկու քաղաքների՝ Երևանի և Գյումրու նկատմամբ, ինչի համար էլ ցուցադրությունը կրում է «Սեր կա քաղաքում»խորագիրը:

«Ցանկացած քաղաք՝ այդ թվում Երևանն ու Գյումրին, ապրող էակ է: Ես սիրում եմ այս քաղաքները՝ իրենց բոլոր դրսևորումներով և փորձում եմ դրվագ առ դրվագ ներկայացնել դրանք՝ բնակիչներին, շինությունները, զարգացումները, տրամադրությունները՝ մարդկանց փոխանցելով այդ քաղաքների նկատմամբ իմ սերը»,- ասաց Պետոն՝ հավելելով, որ «ցուցադրության կազմակերպման նպատակով Կոնվերս Բանկի առաջարկը հաճելի անակնկալ էր իր համար, քանի որ «Բանկ-Մշակույթ» համագործակցության այս ձևաչափը նմանը չունի Հայաստանում»:

Նշվեց նաև, որ Կոնվերս Բանկը մտադիր է ցուցադրություն կազմակերպել նաև Բանկի՝ Գյումրու մասնաճյուղերից մեկում՝ գյումրեցիներին էլ հնարավորություն տալով հաղորդակից դառնալ Պետոյի քաղաքային տրամադրություններին:

Տեսանյութեր

Լրահոս