«Այդ հարցն ինձ համար գոյություն չունի». Արմեն Սարգսյանը՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի լինելու մասին
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց տեղեկությունները, որ մինչ օրս նա նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Նա նշեց, որ այդ հարցում որևէ խնդիր չկա, ինքը ՄԲ քաղաքացիություն է ստացել 2002-ին և հրաժարվել է 2011թ.՝ «Հրաժարվեցի, որովհետև դրա կարիքն այլևս չկար, ոչ թե, որովհետև 2011-ին մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պետք է փոխեք, պետք է դառնամ թեկնածու: Այդ հարցն ինձ համար գոյություն չունի»:
Հարցին` Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Ա.Սարգսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ` կա՞ն, թե՞ ոչ։ Ես գիտեմ, որ կան անհատներ, որոնք գնահատվում են հասարակության կողմից՝ որպես քաղբանտարկյալներ։ Ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների կարծիքները, և իմ տեսակետն է, որ մեր երկրում այսօր կամ վաղը քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Բայց ո՞վ է որոշում քաղբանտարկյալը, դուք ինձ պետք է սովորացնեք»: