Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները
Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են «Քրդի մալը (ապրանքը) հալալ է»:
Նշվում է, որ նմանատիպ դեպքերը հաճախակի բնույթ են կրում. «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողության սկզբից ի վեր կողոպտվել են Աֆրինի սահմանային գյուղերի շատ բնակիչների տներ ու անասնագոմեր:
Քրդական գործակալության տվյալներով Թուրքիայի նախաձեռնած գործողության 20 օրերի ընթացքում զոհվել է շուրջ 150 խաղաղ բնակիչ:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։ Այս պահի դրությամբ, ըստ թուրքական պաշտոնական տվյալների սպանված քուրդ զինյալների թիվը կազմում է 999-ը։
https://www.youtube.com/watch?v=mThVaa_KKN4