Կարեն Կարապետյանը հանձնարարեց հստակեցնել չօգտագործվող հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը
Վեր հանված տվյալների համաձայն՝ առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է, մասնավորապես՝ միայն Արարատյան դաշտում արձանագրվել է շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ Այս մասին կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները՝ օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման՝ հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց 1-ամսյա ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին՝ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանմանն ուղղված առաջարկություններ՝ հստակ անդրադառնալով պատասխանատվության միջոցներ կիրառելու մեխանիզմների և հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելու, պաշտոնատար անձանց նման գործընթացը նախաձեռնելու հայեցողական լիազորությունը սահմանափակելու հարցերին։