Ի՞նչ ծրագրեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում. պարզաբանում է Դավիթ Լոքյանը
«Կառավարությունը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ունի իր հստակ ծրագրերը, որոնք իրականացման փուլում են»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի հարցին՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Նա նշեց, որ կառավարությունն իր վարկային ռեսուրսներից Գյուղատնտեսության նախարարության շրջանակներում տրամադրում է 3% տոկոսադրույքով մինչև 10 մլն դրամի վարկ՝ գյուղատնտեսության զարգացման համար.
«Տարածքային կառավարման զարգացման համաչափության կոնտեքստում 2017 թվականին Տավուշի մարզում 45 բնակավայրից 19-ում իրականացվել է 55 ծրագիր։ Տարածքում զարգացում ապահովող ծրագրերն են՝ Բերդի տարածաշրջանի 9 բնակավայրերում հիմնվել է գինու փոքր արտադրամաս, և այսօր այդ գինին շուկայում է կամ արտահանվում է ՌԴ։
Հիմնվել է 4 հավաքման կետ և սառնարան, ստեղծվել է 4 մեքենատրակտորային կայան, 55 ջերմոց է տրամադրվել գյուղացիներին, Սարի գյուղում հիմնվել է ալրաղացի, ցորենի ջարդման և մեքենատրակտորային պարկ։ Շուրջ 64 ծրագիր 2018 թվականի պլանով է իրականացվելու Տավուշի մարզի նույն տարածքներում, միայն Բագրատաշեն գյուղում 10-ից ավելի ջերմոցներ են ստեղծված։ Նույն տարածքներում հիմնվում են կաթիլային ոռոգումով այգիներ՝ 50 հեկտար։ Ասյտեղ բնակիչն ունենում է շատ փոքր մասնակցություն, ընդհանուր արժեքի 2.5 տոկոսի չափով, մնացածը տրամադրվում է պետության և այլ կազմակերպությունների կողմից օժանդակությամբ։ Մնացած ծրագրերում սահմանամերձ տարածքները թիվ 1 հարթության վրա են»։
Լուիզա Սարգսյանն ասաց, որ ներկայացված ծրագրերը ողջունելի են, բայց իրեն հետաքրքրում է, թե գյուղմթերքների արտադրության և վերամշակման ուղղությամբ որևէ քայլ արվե՞լ է, գործարաններ կառուցվե՞լ են։
Դավիթ Լոքյան ասաց, որ Այգեձոր գյուղում կա վերամշակման բավականին խոշոր արտադրամաս, որն իր ամբողջ արտադրանքն արտահանում է ՌԴ և ԵՏՄ երկրներ. «Նույն կարգի գործարան կառուցված է Այրումում, Բագրատաշենում կառուցվում է խոշոր սառնարանային տնտեսություն, որը բոլոր փոքր չիր արտադրող տնտեսություններից պետք է հավաքի և արտահանում իրականացնի։ Փոքր ծավալներով սկսել է աշխատել Տավուշի գաջի գործարանը, և մի շարք այլ ձեռնարկություններ»։