Իրաքի բանակը երկրի հյուսիսի նավթաբեր շրջանների ազատագրման գործողություն է սկսել
Իրաքի զինված ուժերը երկրի հյուսիսի նավթաբեր շրջաններում կարգուկանոն հաստատելու գործողություն են սկսել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: «Անվտանգությունն ու կայունությունը ապահովելու նպատակով այսօր վաղ առավոտյան սկսվել է Թուզ-Խուրմաթու (Սալահ-Էդ-Դինի նահանգ) քաղաքի մերձակա նավթաբեր շրջանների մաքրման գործողությունը»,-ասված է բանակի հրամանատարության հայտարարության մեջ:
Իրաքի ղեկավարությունն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է կատարում Քիրկուկի նահանգից Իրանի հյուսիս-արեւմուտքի Քերմանշահ քաղաքի նավթավերամշակման գործարան նավթահումքի տեղափոխումն սկսելուց առաջ, նշում է Reuters-ը:
Շիաների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ժողովրդական աշխարհազորի տվյալներով, Իրաքի հյուսիսային նահանգներում կարող են թաքնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ ավելի վաղ անհայտ «Ար-Ռայաթ ալ-Բեյդա» («Սպիտակ դրոշներ») արմատական կազմակերպության 200-ից մինչեւ 500 զինյալներ: Այլ աղբյուրների տեղեկությունների համաձայն, ծայրահեղականների թիվը կարող է հասնել 1000-ի: