Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Մալթայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդեյը (նստավայրը՝ Վարշավա):
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության նախագահը նրան մաղթել է հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:
Հանդիպման սկզբում նախագահը ջերմությամբ է հիշել անցած տարի ԵԺԿ գագաթնաժողովի շրջանակներում Մալթա կատարած իր այցը և վերահաստատել Հայաստանի ցանկությունը՝ խորացնելու հարաբերությունները Մալթայի Հանրապետության հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններում անցած 25 տարիներին լիարժեքորեն չի օգտագործվել համագործակցության մեծ ներուժը՝ նկատի առնելով նաև այդ հարաբերությունների համար ամուր հիմք հանդիսացող երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչությունները, որոնք հասնում են մինչև 14-րդ դար: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Դոդեյը, ինչպես նաև Հայաստանի դեսպանը Մալթայում իրենց ակտիվ գործունեությամբ կկարողանան լրացնել այդ բացը:
Դեսպան Նատաշա Մելի Դոդեյը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը միջպետական հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում զարգացնելու համար:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են բարձրաստիճան փոխայցերը, որոնք զգալիորեն նպաստում են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և հարաբերությունների ակտիվացմանը:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է երկու երկրների արտգործնախարարությունների միջև որոշակի պարբերականությամբ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը, նրա համոզմամբ, լուրջ խթան կհանդիսանա տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման համար:
Հանրապետության Նախագահը և Մալթայի դեսպանը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ ԱԺ-ում արդեն գործում է Հայաստան-Մալթա բարեկամության խումբ, և հույս է հայտնել, որ Մալթայում ևս առաջիկայում կստեղծվի պատգամավորական նոր խումբ:
Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի կարևորվել է Եվրամիության շրջանակներում Հայաստանի և ԵՄ անդամ Մալթայի միջև փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը: