«Շրջանցման նշանը դնելուց հաշվի են առնում, թե տվյալ տեղում ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ունե՞ն բենզակալոնկաներ, խանութներ, թե՞ ոչ». Նաիրա Զոհրաբյան
Ինչպես տեղեկացրել ենք՝ Ազգային ժողովում քննարկվում է «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանից հետաքրքրվեց. «Որքա՞ն ժամանակը մեկ է նախարարությունը գույքագրում, թե որտեղ պետք է լինեն նշաններ, որովհետև երբեմն ինչ-որ մի տեղ գնալուց մենք հայտնվում ենք ռուսական հայտնի հեքիաթի նման՝ չգիտենք՝ ա՞ջ գնանք, ձա՞խ գնանք, թե՞ ուղիղ գնանք, որովհետև նշաններ չկան: Ես ահազանգեր եմ ստացել, որ այնտեղ, որտեղ պետք է կատարվի շրջանցում, շրջանցման նշանը դնելուց հաշվի են առնում, թե տվյալ տեղում իշխող կուսակցության ներկայացուցիչներն ունե՞ն բենզակալոնկաներ, խանութներ, թե՞ ոչ, ու այդ նպատակահարմարությունից ելնելով են դնում նշանները»:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ գույքագրում արվում է ամեն տարի. «Բացի դրանից՝ ամենօրյա հետևողական մոնիտորինգ է իրականացվում այդ առումով: Ինչ վերաբերում է ձեր հարցի վերջին մասին, բոլոր շրջադարձերն ու նշաններն իրականացվում են 2006 թվականի կառավարության որոշման համաձայն, ուրիշ ձևով չի լինում»: