Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության անդրանիկ նիստը

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել 2018թ. կառավարության անդրանիկ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ համապատասխան զեկույցներով հանդես եկան շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները:

Նախագահ Սահակյանը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ հատուկ կանգ առնելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի եւ 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի վրա՝ նշելով, որ այդ հարցերը առանցքային նշանակություն ունեն մեր երկրի սոցիալ-տնտեսական հետագա զարգացման համար, եւ դրանց լուծումը պահանջելու է ակտիվ ու նպատակասլաց աշխատանքի իրականացում ինչպես համապատասխան գերատեսչությունների, այնպես էլ այլ պետական կառավարման մարմինների եւ տնտեսավարող սուբյեկտների կողմից:

Խոսելով գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մասին Նախագահը նշել է, որ այն կհանդիսանա ոլորտի բոլոր թեւերի համաչափ ու ինտենսիվ զարգացման կարեւորագույն գրավականը միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարով:

«Հայեցակարգով սահմանված քաղաքականության իրագործման արդյունքում ակնկալվում է տնտեսության կայունությունը եւ կանխատեսելիությունը ապահովող, զարգացած գյուղատնտեսություն, երկրում ինքնաբավության մակարդակի բարձրացում եւ միջազգային մրցունակության աստիճանի զգալի ավելացում»,-ընդգծել է իր խոսքում երկրի ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր շահագրգիռ մարմինները եւ օղակները իրենց լիազորությունների շրջանակներում պետք է ըստ ամենայնի աջակցեն այս կարեւոր ծրագրի հաջող իրականացմանը:

Անդրադառնալով 2018 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրին Նախագահը նշել է, որ ոլորտում իրականացվելիք աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն բնակարանաշինությանը, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, մշակութային օջախների կառուցմանն ու վերանորոգմանը, առողջապահական օբյեկտների կառուցմանը, կոմունալ շինարարությանը, ավտոճանապարհների կառուցմանը, վերանորոգմանը, պահպանմանն ու շահագործմանը, ինչպես նաեւ բնակավայրերի ջրամատակարարման ապահովմանը խմելու ջրով:

«2018 թվականին քաղաքաշինության ոլորտում նախատեսված ծրագրերը բավականին ծավալուն են, բայց միանգամայն իրատեսական, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ակտիվ եւ կազմակերպված աշխատանք նախ եւ առաջ քաղաքաշինության նախարարության ու բոլոր շահագրգիռ մարմինների եւ գերատեսչությունների կողմից: Պետք է առավելագույն ջանքեր գործադրել այդ ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ», – ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս