ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները կհամագործակցեն

ԱԺ ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները համատեղ կաշխատեն վարկանիշային ընտրակարգի փոփոխության հարցի շուրջ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ  երեկ զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ և առաջարկել միասին նախագիծ պատրաստել:

«Մենք պատրաստ ենք քննարկել համամասնական ընտրակարգի տարբեր մոդելներ, որոնք բացառում են այս կերպ վարկանիշային ընտրակարգը»,- ասաց Ն.Զոհրաբյանը: Ըստ նրա` եթե ստացվի համատեղ նախագիծ ներկայացնել, դա կլինի քաղաքական կոնսենսուս:

Անդրադառնալով ՀՀԿ-ի անզիջում դիրքին ռեյտինգային ընտրակարգը պահպանելու հարցում, Ն.Զոհրաբյանը քաղաքական մեծամասնությանը մի փորձարկում առաջարկեց.

«Այն քաղաքական գործիչները, որոնք ներառված են ՀՀԿ-ի ցուցակում, եթե ունենային քաղաքացիական խիզախություն` առաջադրվելու վարկանիշային ընտրակարգով, ապա ես ձեզ հավաստիացնում եմ, որ իրենց հետ առաջադրված որևէ խանութպան մի քանի անգամ ավելի ձայն էր հավաքելու, քան իրենք: Եվ եթե իրենք կարծում են, որ դա է ժողովրդավարությունը, ապա ես մեծ վերապահում ունեմ «ժողովրդավարություն» հասկացության իրենց ընկալման մասին»:

Կարդացեք նաև

Ն. Զոհրաբյանը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի ընդունման ժամանակ իրենք ևս համաձայնել են դրան, որովհետև դա եղել է կոմպրոմիս, քանի որ կառավարությունը հրաժարվում էր ընդունել մի քանի կարևորագույն դրույթներ` ընտրացուցակների հրապարակում, տեղամասերում տեսանկարահանում: Սակայն, ըստ նրա՝ այստեղ ողբերգություն չկա.

«Ի վերջո, ցանկացած օրենք կիրարկման ժամանակ է ցույց տալիս իր դրական կամ բացասական կողմերը: Ապրիլյան ընտրությունները 1 բանի մասին վկայեցին` քաղաքական ընտրություններ տեղի չունեցան: Եվ եթե մենք ուզում ենք, որ ընտրությունները լինեն քաղաքական, ապա վարկանիշային այս ընտրակարգը րոպե առաջ պետք է հանվի»:

Տեսանյութեր

Լրահոս