Ինչո՞ւ է Քսենիա Սոբչակը համբերատար. «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է համբերատար լինել. ըստ «Ամերիկայի ձայնի»՝ Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը.

«Դու կարող ես անհամբեր լինել, եթե փոփոխություններ իրականացնելու համար բավարար հզոր ես, սակայն, եթե ոչինչ չես կարող, չես կարող նաեւ անհամբեր լինել»:

Սոբչակի խոսքով, պատմությունն ապացուցել է՝ հեղափոխական ճանապարհը Ռուսաստանի համար ոչ միայն բացասական է այլեւ՝ վտանգավոր: Միակ տարբերակը էվոլյուցիոն բարեփոխումներն են, որոնց արդյունքում 2024-ին Վլադիմիր Պուտինը կհեռանա իշխանությունից, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն եթե Պուտինին երաշխավորվի անվտանգությունն ու ապահովությունը:

Վաշինգտոնում Սոբչակը նախատեսում է մասնակցել Կոնգրեսում անցկացվող ամենամյա աղոթք-ընթրիքի, հանդիպել Միացյալ Նահանգների քաղաքական եւ հասարակական գործիչների, փորձագետների, ԱՄՆ-ում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների, ովքեր նաեւ իր հնարավոր ընտրողներն են: «Հանդիպումներիս ընթացքում նախատեսում եմ նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, մեր երկրների միջեւ նման վատ հարաբերությունների առկայությունը սխալ է», – նշում է Սոբչակն ավելացնելով՝ Ռուսաստանը դա միայն Պուտինը չէ, մինչդեռ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցներից տուժում են հասարակ քաղաքացիներ, ուսանողներ, ովքեր չեն կարողանում այլեւս Միացյալ Նահանգներում սովորել:

Անդրադառնալով Հայաստանի եւ ընդհանրապես նախկին ԽՍՀՄ երկրների հետ Մոսկվայի հարաբերություններին՝ Քսենիա Սոբչակը նշում է, որ անհրաժեշտ է շեշտը դնել հասարակական եւ մշակութային կապերի զարգացման վրա.

«Նախկինում Խորհրդային Միությունը կազմող մյուս երկրների հետ լավ, հավասար հարաբերությունների հաստատումը շատ կարեւոր է Ռուսաստանի համար եւ սա հարաբերությունները զարգացնելու լավագույն ճանապարհն է»:

Ինչ վերաբերում է հետխորհրդային նոստալգիային, ապա Քսենիա Սոբչակի խոսքով, այն ունի ստույգ պատճառներ՝ ազատություն տենչացող մարդիկ ԽՍՀՄ փլուզումից հետո հայտնվեցին ծանր տնտեսական իրավիճակում, որը հենց խորհրդային տնտեսության սխալ աշխատանքի հետեւանքն էր.

«Այդ ազատությունների հետ միասին, սակայն, այլ պատճառներով եկան աղքատությունը, սովը եւ մարդիկ, ոչ միայն Ռուսաստանում, այլեւ հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններում ասացին՝ մենք ցանկանում էինք ազատություն, սակայն, դրա փոխարեն աղքատություն ստացանք, լավ է Խորհրդային Միություն վերադառնանք»:

Քսենիա Սոբչակի խոսքով, նոր սերնդի քաղաքական գործիչների նպատակը պետք է լինի վերադարձնել մարդկանց հավատը ժողովրդավարության եւ լիբերալ արժեքների նկատմամբ՝ նրանց շնորհելով իրական ազատություն:

Տեսանյութեր

Լրահոս