Բաժիններ՝

Ճապոնիայի արքայադուստր Մակոյի հարսանիքը հետաձգել են գահից կայսեր հրաժարման արարողության պատճառով

Ճապոնիայի արքայազն Ակիսինոյի ավագ դստեր եւ Ակիհիտո կայսեր առաջին թոռնուհու՝ արքայադուստր Մակոյի ու նրա նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հարսանիքը, որը պետք է կայանար նոյեմբերին, հետաձգել են մինչեւ 2020 թվականը: Ինչպես փետրվարի 6-ին հայտնել է Կայսերական պալատի գործերի վարչությունը, դա կապված է Ակիհիտոյից գահը նրա ավագ որդուն՝ Նարուհիտոյին, փոխանցելու՝ 2019 թվականին պլանավորված արարողության հետ։

«Մեր ապագա հարսանիքը եւ դրա հետ կապված միջոցառումները կհետաձգվեն եւ կանցկացվեն երկու տարի հետո, ինչը կապված է ընտանիքի համար կարեւոր մի շարք իրադարձությունների եւ դրանց նախապատրաստվելու անհրաժեշտության հետ: Դա տեղին կլինի: Մենք որոշել ենք, որ հարսանիքի հետաձգումը լավ հնարավորություն կդառնա ժամանակ ստանալ նոր կյանք սկսելուց առաջ»,- նշվում է նշանված զույգի տարածած մեկնաբանության մեջ:

Ընդ որում՝ ամուսնության ստույգ ամսաթիվը դեռ չի որոշվել: Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված պլանի համաձայն, գահից Ակիհիտո կայսեր հրաժարումը տեղի կունենա 2019 թվականի ապրիլի 30-ին, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 1-ին, գահ կբարձրանա թագաժառանգ Նարուհիտոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս