«Ալիևը փորձում է իր համար մեկնարկային լավ հնարավորություններ ստեղծել»

Հարցազրույց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ

– Փետրվարի 8-9-ը Հայաստանում կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կայցելեն նաև Արցախ: Մինչ այդ համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանում: Ի՞նչ օրակարգով են համանախագահներն այս անգամ գալիս տարածաշրջան:

– Համանախագահների համար օրակարգային է` հասնել կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ինչպես նաև՝ կողմերի միջև վստահության դաշտի ձևավորումն է, որի նախադրյալներն առայժմ տեսանելի չեն: Կողմերը վերջին հանդիպման ընթացքում քննարկել են առաջնագծում դիտորդների թվի ավելացման հարցը, սակայն Ադրբեջանը շարունակում է «ծամծմել» հարցը:

– Առաջիկայում ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Ղարաբաղյան հակամարտության շուրջ:

– Ադրբեջանում ընտրական գործընթացներին ընդառաջ՝ դժվար է կտրուկ գործընթացներ ակնկալել բանակցային պրոցեսում, սակայն այս շրջափուլում առաջնագծում սադրանքների իրականացման հավանականությունը կարող է բարձրանալ:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց, ինչո՞վ էր պայմանավորված այս հանգամանքը:

– Պատճառները շատ են, ինչի մասին խոսում են և՛ փորձագետները, և՛ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերն ու արտերկրում ակտիվորեն գործող լրագրողները: Ամեն դեպքում, այս անակնկալ հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը փորձեց իր համար մեկնարկային լավ հնարավորություններ ստեղծել՝ հնարավորինս անցնցում ընտրական պրոցեսների առաջմղման համար: Մի կողմից՝ հասկանալի է, որ Ադրբեջանում մարտունակ ընդդիմություն չկա, կան անհատներ, որոնք մեծ ռեսուրսների չեն տիրապետում, սակայն կան իրավիճակի՝ վերահսկողությունից դուրս գալու մի շարք գործոններ, որոնց վտանգների չեզոքացման համար Ադրբեջանի իշխանությունն այս քայլին գնաց: Ակնհայտ է, որ այս քայլին Իլհամ Ալիևի թիմը նախօրոք էր պատրաստվել, և գոնե նրան հաջողվեց առաջին սառը ցնցուղը մատուցել իր երկրում նախագահի հավակնություններ ունեցող կամ պայքարի տրամադրված ուժերին:

– Իսկ արտահերթ ընտրությունները կազդե՞ն բանակցությունների վրա, ու արդյոք պատերազմի սպառնալիքը չի՞ մեծանում:

– Այս հանգամանքը բանակցությունների գործընթացում տեղաշարժ արձանագրելու հետ առնչություն չի կարող ունենալ, որովհետև եթե Ադրբեջանի նախագահը ցանկություն ունենա բանակցություններում կառուցողականություն դրսևորել կամ՝ խնդրի լուծմանը գնալ պատերազմի միջոցով, ապա՝ մի քիչ ուշ, մի քիչ շուտ, արդեն էական չի: Նա այդ քայլին կգնա:

Տեսանյութեր

Լրահոս