ԻՊ-ի պարտությունից հետո 3,2 մլն իրաքցիներ են վերադարձել իրենց տները. ՄԱԿ
3,2 մլն իրաքցիներ են վերադարձել իրենց տները, որոնք նրանք լքել էին մարտական գործողությունների պատճառով: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա վկայակոչել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տվյալները, որոնց համաձայն՝ հարկադիր վերաբնակների վերադարձի տեմպերն արագանում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության ավարտվելուց հետո:
«3,2 մլն մարդ վերադարձել են իրենց հարազատ շրջանները: Հունվարին այդ թիվը 2013 թվականի դեկտեմբերին ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին անգամ գերազանցել է իրաքցի վերաբնակների թվաքանակը, որը ներկայում կազմում է 2,6 մլն»,- ասել է Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին փախստականները վերադարձել են գլխավորապես Անբարի, Նայնավայի եւ Սալահ Էդ Դինի նահանգներ: Նրանց բաժին է ընկել վերադարձողների մոտավորապես 82 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: