Ինչ բախման է պատրաստվում Իլհամ Ալիևը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի որոշում է կայացրել հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները տեղափոխել ապրիլ, երբ ավարտին է մոտենալու նաև Հայաստանի Հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական համակարգին:

Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ: Այդ մասին ասված է երկրի ղեկավարի կայքում տեղադրված փաստաթղթում:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ստորագրել է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր, որոնք կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին»,- ասված է հրամանագրի տեքստում: Հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել արտահերթ նախագահական ընտրությունները՝ Ընտրական օրենսգրքի համաձայն:

Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:

Ավելի վաղ Ադրբեջանի «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղար, փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել էր, որ հոկտեմբերին կայանալիք երկրի ղեկավարի ընտրություններին կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրելու գործող նախագահ Իլհամ Ալիևին: 2016 թվականի սեպտեմբերին Սահմանադրությունում իրականացված փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով:

Իլհամ Ալիևի անակնկալ որոշումը քննարկում են ինչպես՝ տեղական, այնպես էլ՝ միջազգային լրատվամիջոցները: Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական Ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ադրբեջանական պարբերականների հետ զրույցում անդրադարձել է Իլհամ Ալիևի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշմանը և քննադատել այն: Ընդդիմադիր գործչի հաղորդմամբ` այդ քայլով Իլհամ Ալիևը ցանկանում է 4-րդ անգամ նախագահ ընտրվել, ինչը միանգամայն անընդունելի է ընդդիմության համար:

«Փաստացի հայր և որդի Ալիևներն արդեն 45 տարի ղեկավարում են երկիրը, ինչը հակասում է հանրապետության սկզբունքներին: Իլհամ Ալիևը գիտեր, որ ընդդիմությունը պատրաստվում է երկարաժամկետ քարոզարշավ իրականացնել ընտրակեղծիքների դեմ, և արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի ընդդիմությանը զրկի բողոք արտահայտելու, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների պահանջ ձևավորելու հնարավորությունից»,- նշել է Ալի Քերիմլին:

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Գաջիլին նույնպես նշել է, որ Իլհամ Ալիևն այս քայլին գնացել է, որպեսզի ևս 7 տարով երկարաձգի իր իշխանությունը:

«Իլհամ Ալիևն այս քայլով ցանկանում է կրճատել ընտրություններին պատրաստվելու ընդդիմության ժամանակը»,- ասել է «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդը: Արիֆ Գաջիլին նշել է նաև, որ այս հապճեպ որոշումը նպատակ ունի ուժեղացնելու Ադրբեջանում առկա ներքին հակասությունները: Ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում գրառումներ կատարելով՝ տեղեկացնում են, որ երկրի տարածքում փետրվարի 5-ի առավոտից դադարեցված են հեռուստաընկերությունների հաղորդումների հեռարձակումները: Որոշ օգտատերեր գրում են, որ հեռարձակումների արգելափակումը կարող է կապված լինել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման հետ, և, որ իշխանությունները հերթական անգամ ցանկանում են քաղաքացիներին կտրել ինֆորմացիայի աղբյուրներից:

«168 Ժամի» հետ զրույցում քաղաքական և անվտանգության հարցերով ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկն ընդհանուր առմամբ նման որոշման համար ոչ սուր ներադրբեջանական, ոչ էլ արտաքին քաղաքական պատճառներ չի տեսնում: Ռուս քաղաքագետը հիշեցրեց, որ 2016 թվականին Ադրբեջանի սահմանադրական փոփոխություններից (դրանք ուղղակիորեն կապ ունեն նախագահական պաշտոնի և նրա շրջապատի հետ) անմիջապես հետո ռուսական առաջատար լրատվամիջոցների հետ զրույցում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մասնակցելու է հաջորդ ընտրություններին, եթե «ինչպես այսօր, այդ ժամանակ ևս զգա հասարակության աջակցությունը», որպեսզի «արդարացնի այդ վստահությունը»:

Տրոֆիմչուկը չի կարծում, որ մեկուկես տարի անց ադրբեջանական հասարակության շրջանում նախագահին տրվող աջակցության մակարդակը կտրուկ նվազել է, և նա պատրաստ կլինի դա ցույց տալ՝ հեռանալով պաշտոնից, չմասնակցելով նշանակված քարոզարշավին: Ի դեպ, ըստ նրա, 2016 թվականի աշնանն արդեն մի շարք փորձագետներ խոսում էին վաղաժամ ընտրությունների անցկացման նախադրյալների առկայության մասին:

«Չեմ կարծում, որ թեկնածուների առաջադրման տեսանկյունից Ադրբեջանը պատրաստ է ապակայունացնել երկրում տիրող իրավիճակը բացարձակ անիմաստ, այդ թվում՝ առաջադրելով Ալիևին մտերիմ նոր ֆիգուրի թեկնածություն: Առավել ևս, որ գործող նախագահի հանդեպ, բացառությամբ մի քանի իրավապաշտպան կազմակերպության, դժգոհություններ չունի նույնիսկ ԱՄՆ-ը, ինչը տեսականորեն կարող էր սովորական դասավորության փոփոխության պատճառ դառնալ»,- նման տեսակետ հայտնեց Տրոֆիմչուկը:

Նրա կարծիքով, ժամկետների փոփոխությունը` հոկտեմբերից՝ ապրիլ, մեծ չէ, կարելի է ասել՝ տեխնիկական բնույթ է կրում:

«Իմ կարծիքով՝ գլխավոր խթանը հենց տեղափոխման փաստն է, որը թույլ տվեց Բաքվին տեղեկատվական ինտրիգ ստեղծել, առավել ևս՝ Հայաստանում նախագահական ընտրությունների փուլում: Եվ առավել ևս՝ մի ժամանակահատվածում, երբ չկան էական առաջընթացներ Ղարաբաղյան բանակցությունների ընթացքում: Եվս մեկ անգամ պետք է կրկնել ոչ մեկ անգամ ասվածը` Բաքուն պատրաստ չէ ևս 20 տարի մնալ սեղանի շուրջ ֆորմալ բանակցությունների ռեժիմով, բոլորն այդ հանգամանքը պետք է հաշվի առնեն և մեծապես չթուլանան:

Պետք է նաև նշեմ, որ ԱՊՀ տարածքում, հազվադեպ արտակարգ բացառությամբ (ինչպես, օրինակ, 1999 թվականի վերջին՝ Բորիս Ելցինի դեպքում), առաջին դեմքի ընտրության ժամկետի տեղափոխությունը սովորաբար մտնում է հենց այդ դեմքի պլաններ ի մեջ` ժամանակ առ ժամանակ ինչ-որ տարօրինակ պատճառներով, որոնք հայտնի են միայն իրեն: Պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ներկայումս ժամանակն արագ է սլանում, իրադարձությունները զարգանում են նույնպես արագ` Թուրքիան պատերազմում է քրդերի հետ, և այլն, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա նաև Ադրբեջանի վրա: Ուստի աշնանը գուցե ընդհանրապես ընտրությունների ժամանակ չլինի»,- այս կարծիքին է ռուս վերլուծաբանը:

Տրոֆիմչուկը գտնում է, որ Ադրբեջանում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի Հայաստանում նախատեսվող փոփոխությունների հետ, չհաշված տեղեկատվական ֆոնը և Ադրբեջանում հայաստանյան զարգացումների նկատմամբ բարձր ուշադրությունը:

«Տեսականորեն նման կապը միայն մեկ իմաստ կարող էր ունենալ` եթե Իլհամ Ալիևը չառաջադրվեր նախագահի պաշտոնի համար, իսկ նրա փոխարեն հայտնվեր թեկնածու, որը պատերազմի հարցում ավելի կտրուկ հակումներ ունենար: Այդ պարագայում Սերժ Սարգսյանի կողմից իշխանության փոխանցումից անմիջապես հետո, իրավասությունների փոխանցման ժամանակ այդ սպառնալիքը գուցե աշխատեր»,- ասաց Տրոֆիմչուկը:

Տեսանյութեր

Լրահոս