Թբիլիսիում կցուցադրեն Աշոտ Տեր-Խալիֆյանի «երաժշտական կտավները»
Թբիլիսիի Ի.Գրիշաշվիլիի անվան «Կարվասլա» պատմության թանգարանը հրավիրում է թբիլիսցի նկարիչ եւ երաժիշտ Աշոտ Տեր-Խալիֆյանի աշխատանքների «20 տարի անց» խորագրով հետահայաց ցուցահանդեսին:
Ցուցադրանքում կներկայացվեն հեղինակի երկու ստեղծագործության՝ գեղանկարչության եւ երաժշտության միաձուլվածքը, ասված է Facebook սոցցանցում Ազգային թանգարանի էջում զետեղված հաղորդագրության մեջ: Ցուցահանդեսում կներկայացվեն 39 աշխատանքներ, որոնք թեմատիկ առումով բաժանված են երկու մասի՝ «Տեսարան պատուհանից» եւ «Սեւ-սպիտակ աշխարհը»:
Բոլոր կտավներն Աշոտ Տեր-Խալիֆյանի կողմից ստեղծվել են 1990-ական թվականների վերջից մինչեւ 2000-ականների սկիզբն ընկած ժամանակաշրջանում: «Կտավներն արտացոլում են հեղինակի՝ քսանամյա վաղեմության հուզական վիճակները: Յուրաքանչյուր պատկերի ուղեկցում է նկարչի ստեղծած երաժշտական կոմպոզիցիան: Ամեն մի նկարի ինստալյացիայում կհնչի կոնկրետ ստեղծագործությանը նվիրված երաժշտական թեմա»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվելիք երեկոյի ընթացքում նաեւ կկայանա Աշոտ Տեր-Խալիֆյանի կողմից ստեղծված Junkybitz ռեփ-կոր երաժշտական խմբի համերգը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ: Տեր-Խալիֆյանը Թբիլիսիի Ա.Կութաթելաձեի անվան գեղարվեստների պետական ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Բազմիցս ցուցադրվել է Ռուսաստանում եւ Եվրոպայում: Diamond Dog սալոնի սեփականատերն է եւ տատուներ է անում այնտեղ, հաղորդել է Sputnik-ը: