Գիտնականները պատմել են շարժական հեռախոսների և քաղցկեղի առաջացման միջև կապի մասին

Շարժական հեռախոսների ռադիոճառագայթումը կարող է կապված լինել արու առնետների մոտ քաղցկեղի առաջացման հետ: Դա պարզել են ամերիկացի գիտնականները ԱՄՆ-ի առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության կողմից թունագիտության գծով անցկացված ազգային ծրագրի շրջանակներում:
Գիտնականները մի խումբ մկների ու առնետների օրական մինչեւ ինը ժամ ենթարկել են ռադիոակտիվ ճառագայթման:

Ճառագայթման հզորության մակարդակը կազմել է 1 կիլոգրամ զանգվածի հաշվով մեկուկեսից մինչեւ վեց վատտ՝ առնետների համար եւ 1 կիլոգրամի հաշվով 2,5-ից մինչեւ տասը վատտ՝ մկների համար: Կրծողների վրա կատարված գիտափորձերը տեւել են երկու տարի: Հետազոտության նախնական տվյալները հրապարակված են ծրագրի կայքում, դրանց գրախոսումը կանցկացվի մարտին:

Գիտնականները գիտափորձին մասնակցած արու առնետների մոտ նշել են այն հյուսվածքներում ուռուցքների ի հայտ գալու դեպքեր, որոնք շրջապատում են սրտի նյարդերը: Մկների եւ էգ առնետների մոտ այդ էֆեկտը չի դիտվել: Բացի այդ, առնետների մոտ նշվել է կարդիոմիոպատիայի դեպքերի թվի աճ:

«Ռադիոճառագայթման հզորությունը եւ դրա տեւողությունը զգալիորեն ավելի մեծ է եղել, քան նրանք, որոնց ենթարկվում են առավել հաճախ շարժական հեռախոսներ օգտագործող մարդիկ, ընդ որում՝ դրա ներգործությանը ենթարկվել է կրծողների ամբողջ մարմինը»,-պարզաբանել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջոն Բուչերը: Նա կոչ է արել ժամանակից շուտ մարդկանց վրա չտարածել գիտափորձի արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս