«Հնարավոր է՝ Ալիևը փորձում է ավելի շուտ անցկացնել ընտրությունները, որպեսզի աշնանը փորձեր կատարի ռազմական գործողություններ վերսկսել Արցախում». Քաղաքագետ

«Զարմանալի էր, որ Ալիևը հայտարարեց արտահերթ նախագահական ընտրությունների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 5-ին անսպասելի որոշում է կայացրել՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել ապրիլի 11-ին՝ այն պարագայում, երբ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբեր ամսին:

Գ. Համբարյանի համար զարմանալի էր Ալիևի այս քայլը, որովհետև, նրա խոսքով, Ադրբեջանում Իլհամ Ալիևին հաջողվել էր այնպիսի քաղաքական համակարգ ստեղծել, որում իր տեղը չուներ ընդդիմությունը.

«Հոկտեմբերին վերընտրվելու համար Իլհամ Ալիևը որևէ խնդիր չուներ: Շատ հետաքրքիր էր Իլհամ Ալիևի կողմից այս ֆորսմաժորային իրավիճակի ստեղծումը և արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Իլհամ Ալիևը, վերարտադրվելով նախագահի պաշտոնում արդեն 4-րդ անգամ, երևի փորձում է ինչ-որ ծրագրեր իրականացնել աշնանը, ու երևի հենց սրանով է պայմանավորված, որ Ալիևը փորձ է կատարում ավելի շուտ անցկացնել ընտրությունները, որպեսզի աշնանն արդեն որպես վերընտրված նախագահ՝ առաջ տանի իր ծրագրերը: Թե ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը, դեռ վաղ է կանխագուշակել, բայց կարելի է ենթադրել, որ Ալիևը կարող է նաև ինչ-որ խնդիրներ ստեղծել Արցախի հարցում և փորձեր կատարել ռազմական գործողություններ վերսկսել»:

Քաղաքագետի գնահատմամբ՝ Ադրբեջանը բացարձակ բռնապետություն է, Ալիևին այս ընթացքում հաջողվեց ամեն ինչ անել, որպեսզի Ադրբեջանում ընդդիմությունը գրեթե վերացվի. «Նաև կարողացավ օրինականացրել իր՝ անընդմեջ նախագահի պաշտոնում վերընտրվելը՝ այն դեպքում, երբ ժողովրդավարական Եվրոպան շատ մեծ խնդիրներ է ստեղծում այն պետությունների համար, որտեղ նախագահները երկու անգամից ավելի փորձում են վերընտրվել: Ադրբեջանի պարագայում Եվրոպան աչք փակեց և հանգիստ ընդունեց այդ հանգամանքը, որ Ադրբեջանում Իլհամ Ալիևը կարող է անսահմանափակ քանակությամբ նախագահ դառնալ, երբ ինքը ցանկանա:

Այն, որ հոկտեմբեր ամսին Ալիևը կարող էր ունենալ խնդիրներ և չընտրվել նախագահ, ընդդիմությունը ինչ-որ հուժկու շարժումներ կսկսեր, չկար նման խնդիր: Նախադրյալներ, որ Ալիևը կարող էր չվերընտրել, չկար: Իմ կարծիքով՝ այս արտահերթ նախագահական ընտրությունների նշանակելը պայմանավորված է հենց նրանով, որ աշնանն Ալիևը ծրագրեր ունի իրականացնելու, և այդ ծրագրերից մեկը վերաբերում է նաև Արցախյան հիմնախնդրին»:

Տեսանյութեր

Լրահոս