ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում
Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարվել են` պայմանավորված Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացվող «Ձիթենու Ճյուղ» ռազմական գործողությամբ: ԱՄՆ կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում 2012թ. ընդունված «Մագնիտսկու օրենքի» շրջանակներում, և պատժամիջոցների թիրախում կարող են հայտնվել Թուրքիայի որոշ նախարարներ ու քաղաքական գործիչներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«ԱՄՆ կառավարությունը գիտակցում է, որ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն Թուրքիային կանգնեցնելու ուղղությամբ, սակայն այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ը փորձում է կանխել նաև Սիրիայի տարածքում գտնվող թուրքական և ամերիկյան ուժերի հնարավոր բախումը»,- գրում է լրատվամիջոցը:
«Մագնիտսկու օրենք»-ը կապված է 2009թ-ին Մոսվայի բանտերից մեկում մահացած իրավապաշտպան Մագնիտսկու անվան հետ: Օրենքի համաձայն՝ մարդու իրավունքները խախտող օտարերկրյա կառավարությունների անդամներն ու պաշտոնյաների ԱՄՆ մուտքն արգելվում է, իսկ նրանց ԱՄՆ-ում գտնվող անշարժ գույքը սառեցվում: