Ռուսական կապիտալը Հայաստանի «խողովակով» հոսում է ԱՄՆ. ռեկորդային թվեր են գրանցվել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:
Ըստ այդ տեղեկանքի, 2017 թվականին Ռուսաստանից Հայաստան եկած տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 168 մլն դոլարով եւ կազմել 1 մլրդ 64 մլն դոլար: Իսկ Հայաստանից ԱՄՆ ուղարկած մասնավոր տրանսֆերտների ծավալը 2016-ի համեմատ աճել է 113 մլն դոլարով եւ կազմել 196 մլն դոլար:
Սա աննախադեպ ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանի միջոցով ռուսական կապիտալի տեղափոխում ԱՄՆ, թերեւս, պայմանավորված է ՌԴ-ում վարվող, պատկերավոր ասած՝ ոչ այնքան ազատական քաղաքականությամբ, եւ ռուսաստանցի գործարարները կարողանում են օգտվել մեր անհամեմատ ավելի լիբերալ բանկային համակարգի ընձեռած հնարավորություններից: Անկասկած, այդ գումարների մի փոքր մասը մնում է Հայաստանում, եւ դա ինքնին արդեն դրական երեւույթ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: