Բաժիններ՝

Ինչպե՞ս խաղաց Մխիթարյանն իր առաջին խաղում

Հենրիխ Մխիթարյանը նշեց իր նորամուտը Լոնդոնի «Արսենալի» կազմում: Այս խաղում, սակայն, զինագործները պարտվեցին 3:1 հաշվով:

Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին, խաղաց հարձակվողական ոճի կենտրոնական կիսապաշտպանի դիրքում՝ պարբերաբար փոխելով դիրքը Մեզութ Օզիլի հետ (ձախ կիսապաշտպան): Խաղի վերջնամասը Հենրիխն անցկացրեց Ռեմզիի դիրքում՝ ավելի մոտ կենտրոնին: 31 րոպեների ընթացում Մխիթարյանը մեկ անգամ հարվածեց դեպի դարպասը, 42 անգամ դիպավ գնդակին, կատարեց 32 ճիշտ փոխանցում՝ գրանցելով 84,4 տոկոսանոց արդյունք, մեկ անգամ խլեց գնդակը, կանոնները խախտեց 2 անգամ:

Սկսենք այն պահից, երբ Մխիթարյանը դուրս եկավ խաղադաշտ: Այդ պահին հաշիվը 1:1 էր: Խաղի սկզբից Արսեն Վենգերը դաշտ էր դուրս բերել սպասելի կազմ, սակայն խաղը ընթացքում եղան բազմաթիվ տակտիկական փոփոխություններ: «Արսենալը» պետք է խաղար 4-2-3-1 դասավորվածությամբ, սակայն տակտիկական այս պլանն աշխատեց միայն հարձակման գծում: Խաղի ընթացքում զինագործները խաղում էին 3-6-1 սխեմայով՝ մրցակցի գրոհների ժամանակ փոխելով դասավորվածությունը 5-4-1-ի:

Մխիթարյանի խաղադաշտ դուրս գալուց հետո Մոնրեալը, Մուստաֆին և Չեխը երեքով ստեղծեցին գոլ մրցակցի համար, ավելի ուշ Չեխը սխալվեց, իսկ հաշիվը դարձավ 3:1:
Մխիթարյանի համար նորամուտի խաղում իրավիճակը շատ բարդ էր: Պետք էր խփել նվազագույնը 2 գոլ, երբ երկրորդ խաղակեսն արդեն իսկ հատել է հասարակածը:
Շատերն ասում են, որ Մխիթարյանն ու Օզիլը նման են խաղաոճով: Առաջին խաղում էլ պարզ էր, որ այս ֆուտբոլիստները սիրում են նույն կերպ գործել: Սակայն մի թիմում, որտեղ խաղում են և՛ Հենրիխը, և՛ Օզիլը, կենտրոնական հարձակվողական կիսապաշտպանի դիրքում Օզիլն ավելի արդյունավետ է: Մխիթարյանը հրաշալի է գործում ավելի խորքից, երբ իր վրա է վերցնում գրոհների կազմակերպումը: Սա նկատելի էր խաղի վերջնամասում, երբ Վենգերը որոշեց փոփոխել Մխիթարյանի դիրքը: Ըստ անգլիական մամուլի՝ Օզիլ+Մխիթարյան կապը հարձակումում կարող է դառնալ գոլերի կոնվեեեր:

Մխիթարյանի առաջին խաղում լավագույնը 75-85 րոպեներն էին, երբ Հենրիխն ազատություն էր ստանում գնդակով, ստեղծում էր գրոհներ և փնտրում էր տարածություն;
Մխիթարյանի հիմնական խնդիրը գնդակ խլելն է: Հենց սա է այն պատճառներից մեկը, որ Հենրիխը չհարմարվեց Մոուրինիոյի թիմում: Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբում խաղային դրվագներում Մխիթարյանը կարող էր հայտնվել պաշտպանի դիրքում ևս:
Առհասարակ, Մխիթարյանի խաղն առաջին մրցավեճում կարելի է բաժանել երկու մասի՝ երբ նա խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, և, երբ գնաց ավելի խորք՝ խաղալու Ջակայի հետ: Երկրորդ մասում Մխիթարյանը մի քանի անգամ ավելի լավ տպավորություն էր թողնում:

Ամփոփելով՝ պետք է նշենք, որ Մխիթարյանի առաջին խաղն ավելի լավ տպավորություն թողեց, քան վատ: Մխիթարյանը մոտավորապես 30 րոպեում կարողացավ ցույց տալ, որ արդեն իսկ հասկանում է իր նոր թիմի խաղը և կարող է լավ արդյունքներ գրանցել: Հիշենք, որ հաջորդ խաղում Մխիթարյանին է միանալու նաև իր նախկին թիմակից Օբամեյանգը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս