Նոր «խելոք» ջերմաչափը կտեղեկացնի, թե որտեղ է չափազանց տարածված հիվանդությունը. «Ամերիկայի ձայն»
Ջերմաչափը չափազանց կարևոր սարք է յուրաքանչյուր ընտանիքում, հատկապես հիվանդության ակտիվ տարածման սեզոնում: Վերջերս մի ընկերություն առաջ է քաշել «Քինզա» անունով մի նոր տեսակի ջերմաչափ, որը մարդու ջերմությունը չափելու հետ մեկտեղ, տեղեկացնում է, թե որ շրջանում են այդ պահին տարածված հիվանդությունները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Այս տարի ԱՄՆ-ում չափազանց տարածված է գրիպ հիվանդությունը, հատկապես Միսուրի ու Քանզաս նահանգներում: Արդյունքում մահացել են 37 երեխաներ:
Երբ ծնողներն օգտագործում են Քինզա ջերմաչափը, երեխայի ջերմաստիճանը գրանցվում է հավելվածում երեխայի հիվանդության ախտանիշների հետ մեկտեղ: Դրա շնորհիվ հիվանդության տարածման աշխարհագրության մասին տեղեկությունը հասանելի է դառնում հանրությանը:
Օգտատերերը ստանում են անհատական տեղեկություն տվյալ հիվանդության տարածման մասին: Բացի այդ, ջերմաչափն օգտակար տեղեկություն է փոխանցում դեղագործական ընկերություններին:
«Նրանք ցանկանում են իմանալ, թե երբ և որտեղ է տարածված հիվանդությունը՝ մարկետինգ և հետազոտություններ իրականացնելու համար»,- ասում է Քինզա ընկերության նախագահ Ինդեր Սինգղը:
Քինզայի արտադրողները նախատեսում են ջերմաչափն արտահանել միջազգային շուկաներ: Հավաքագրելով տեղեկություններ հիվանդության տարածման աշխարհագրության և ժամանակահատվածի մասին՝ ջերմաչափը կարող է օգնել բժիշկներին կանխատեսել ու կանխարգել հաջորդ համաճարակը: