Պրոթեզավորման գերմանական կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Հաշմանդամություն ունեցող և վերջույթների պրոթեզներ կրող անձինք նախատեսում են վաղը՝ փետրվարի 1-ին, բողոքի ցույց անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ:
Նրանք պահանջելու են իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության, քանի որ, ինչպես նշում են, առաջին դեպքում պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, գերմանական նյութերով ու բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, իսկ փոփոխությունից հետո հումքը լինելու է չինական, տեխնոլոգիան՝ իրենց համար անհայտ, իսկ մասնագետները՝ անծանոթ: Պրոթեզավորման գերմանական կենտրոնը այս պահի դրությամբ դադարեցրել է իր գործունեությունը»:
Բանն այն է, որ համապատասխան մրցույթում այս անգամ շահել է ոչ թե «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը, այլ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ–ն: Ընդ որում, ըստ շահառուների, նախորդ կազմակերպությունն արդեն դադարեցրել է սպասարկումը, իսկ նորը դեռ չի սկսել:
«Գերմանական պրոթեզարանի գործունեությունը դադարեցվել է դեկտեմբերի 15-ից: Բայց մինչեւ Նոր տարվա տոները աշխատել է, հույս ունենալով, որ հետագայում նույնպես կաշխատի: Մեր բողոքն այն է, որ գերմանական կենտրոնը չփակեն: Նաեւ մի առաջարկ ունենք: Մենք հաշմանդամներով այս եզրակացությանը եկանք. թող երկու կենտրոններն էլ գործեն, մեզ տրամադրեն սերտիֆիկատ, ով որտեղ ուզում է, այնտեղ էլ պրոթեզավորվի, հետո ըստ սերտիֆիկատների պրոթեզարանը ֆինանսավորվի պետբյուջեից, քանի որ երկուսն էլ պետբյուջեից են ֆինանսավորվում»,- մեզ հետ զրուցյում ասաց երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող Հայկ Հովակիմյանը: Նա Արցախյան պատերազմի մասնակից է, 26 տարեկան է եղել, երբ 1994 թվականին Մարտունիում վիրավորվել է: Ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, բայց ամենալուրջ խնդիրը կապված է եղել ոտքի հետ, որը բժիշկները ստիպված են եղել անդամահատել»,- անհանգստություն հայտնեց մեր զրուցակիցը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: