Հայաստանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է ԼՂ խնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին Մինսկում մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երևանյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն տրվեցին օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծերին։

Հանդիպմանը քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը նիստի մասնակիցներին զեկուցեց կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին։

Համատեղ նիստին անդրադարձ կատարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա կատարելագործմանն առնչվող հարցերին։

Հայկական պատվիրակության անունից ելույթ ունենալով համատեղ նիստին՝ Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության քառորդդարյա ուղուն՝ ընդգծելով, որ անցյալ տարի կազմակերպության երևանյան գագաթաժողովին ընդունված «Մինչև 2025թ. ՀԱՊԿ զարգացման հայեցակարգում» հստակ նախանշված են ՀԱՊԿ կազմակերպության հետագա անելիքները։

Նախարար Նալբանդյանը գործընկերներին ներկայացրեց նույն օրը կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի հաստատմանը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարության նախագիծը։

Հանդիպման արդյունքներով ստորագրվեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։

Տեսանյութեր

Լրահոս