Կիևում առևանգված ՀՀ քաղաքացու հարազատները ոստիկանություն չեն դիմել. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում շուրջ մեկ շաբաթ առաջ առևանգված ՀՀ քաղաքացու հարազատները Հայաստանի ոստիկանություն չեն դիմել: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում ասացին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ուկրաինայում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանն էլ մեր զրույցում ասաց, որ դեպքի մասին գիտի, բայց տեղեկություն չունի՝ հայտնաբերվե՞լ է առևանգված երիտասարդը, թե՞ ոչ: «Լսել եմ, իհարկե, լսել եմ»,- ասաց Ասլանյանը՝ նշելով, որ մանրամասների չի տիրապետում, թե ինչ հանգամանքներում է ՀՀ քաղաքացին առևանգվել:
Հիշեցնենք, որ ՀՀ մարզպետներից մեկի աներորդուն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգել են, որի գտնվելու վայրի մասին նրա հարազատները տեղեկություն չունեն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։