Բաժիններ՝

Ոստիկաններ են ձերբակալվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Armtimes.com» կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հ. Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, վերջինիս սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար, ՃՈ տեսուչներն ընդունել են նրա կողմից կաշառքի առաջարկը: Հիշյալ ոստիկանները, կաշառք ստանալու դիտավորությամբ, նախնական համաձայնությամբ, ավտոմեքենայի ուղևոր Լ. Բաղդասարյանից ստացել են 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկությունը:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու` նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՃՈ տեսուչներ Տ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս