ԱԻՆ-ը հիշեցնում է
Ջեռուցման շրջանը դիմավորենք պատրաստված և ապահով
Ձմռանը, երբ սկսվում է ջեռուցման շրջանը, մեծ թիվ են կազմում այն հրդեհները, որոնք առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, էլեկտրական ջեռուցիչ սարքավորումների, գազով գործող զանազան սարքերի տեղակայման և շահագործման կանոնների խախտումից, ինչպես նաև` կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Պետք է հասկանալ, որ ցանկացած անզգուշություն, հրդեհային անվտանգության կանոնների պահանջների թեկուզ փոքր անտեսում կամ դրանցից շեղում` լի են անուղղելի հետևանքներով: Որպեսզի այդ վտանգը չդառնա տխուր իրողություն և կանխվի չարիքը, հարկավոր է իրականացնել հրդեհային անվտանգության ապահովմանն ուղղված մի շարք միջոցառումներ:
Էլեկտրատնտեսության անսարքություններից և զանազան էլեկտրաջեռուցիչ սարքերի սխալ շահագործումից առաջացած հրդեհներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել էլեկտրատեխնիկական և հակահրդեհային մի շարք կանոններ.
• էլեկտրացանցը պետք է մոնտաժեն միայն մասնագետները` համաձայն էլեկտրատեխնիկական և հակահրդեհային նորմերի և կանոնների,
• արգելվում է ժամանակավոր էլեկտրահաղորդագծերի անցկացումը, ինչպես նաև՝ հաղորդալարերը մեխերով ամրացնելը,
• հաղորդալարերի միացումները պետք է կատարել տաք զոդման միջոցով կամ հատուկ սեղմիչների օգնությամբ, իսկ լարերի բաց հատվածները փաթաթել մեկուսիչ ժապավենով,
• էլեկտրական ցանցի ճյուղավորումներն անհրաժեշտ է կատարել պատերի խոռոչներում տեղադրված փոխանցման չայրվող տուփերում, որոնք ծածկվում են կափարիչներով,
• էլեկտրական ցանցը պետք է ապահովված լինի գործարանային ապահովիչներով, որոնք հաշվիչի հետ միասին ամրացվում են չայրվող նյութից պատրաստված տակդիրի վրա, տեղադրվում պատի խոռոչում և ծածկվում չայրվող կափարիչով,
• խստորեն արգելվում է ինքնաշեն ապահովիչների, այսպես կոչված՝ «խծուծալարերի» օգտագործումը,
• արգելվում է ինքնաշեն էլեկտրական սպառիչների օգտագործումը,
• չի թույլատրվում էլեկտրական ցանցին միացնել նորմայից շատ էլեկտրասպառիչներ,
• էլեկտրասպառիչների` էլեկտրական ցանցին միացումներն անհրաժեշտ է կատարել միայն վարդակների, եղանիկների և հատուկ ծայրապանակների օգնությամբ,
• էլեկտրական տաքացման սարքերը պետք է տեղադրել չայրվող հիմքի վրա, իրերից և առարկաներից առնվազն մեկ մետր հեռավորության վրա:
Կարևոր են նաև հրդեհային անվտանգության կանոնները պահպանել թիթեղյա վառարանների հետ առնչվելիս:
Արգելվում է
• վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության,
• վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ,
• բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները,
• վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև՝ վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս,
• վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս 25 սմ-ից,
• վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք: Ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել և լուսամուտով դուրս հանել,
• վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր,
• գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին:
Կենցաղում զանազան գազասարքերից բռնկված հրդեհների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են անզգուշության և հրդեհային անվտանգության կանոնների անտեսման հետևանքով: Շատ հաճախ պայթյունի և հրդեհի պատճառ է հանդիսանում գազատար խողովակների կցամիացումների, կարգավորիչ փականների և այլ հանգույցների անհերմետիկությունը: Հետևանքը լինում է այն, որ գազի արտահոսքի դեպքում գազաօդային խառնուրդի որոշակի հարաբերակցության պայմաններում, ջերմային աղբյուրի ազդեցությունից տեղի է ունենում ակնթարթային բռնկում, որն էլ, որպես կանոն, ուղեկցվում է պայթյունով կամ հրդեհով:
Արձանագրված դեպքերի վերլուծությունը վկայում է, որ գազի առկայության դեպքում մեր քաղաքացիների որոշ մասը թույլ է տալիս կոպիտ վրիպումներ, որոնք ծանր, իսկ երբեմն էլ անուղղելի հետևանքներ են ունենում: Ուստի, խորհուրդ է տրվում գազին բնորոշ հոտ զգալիս առաջին հերթին անհապաղ օդափոխել սենյակը: Այնուհետև ստուգել գազասարքի փականների դիրքը: Եթե դրանք գտնվում են փակ վիճակում, օճառի լուծույթով ներծծված սպունգով, այլ ոչ թե բաց կրակով, մանրազննին ստուգել խողովակի և ռեդուկտորի միացման հանգույցների հերմետիկությունը: Գազի արտահոսքի տեղը հայտնաբերելիս հուսալիորեն ձգել տվյալ հանգույցի պնդօղակները կամ ճարմանդները: Քանի դեռ սենյակում գազի հոտ է զգացվում, խստորեն արգելվում է լուցկի վառել, ծխել, միացնել կամ անջատել էլեկտրական լուսավորությունը և կենցաղային սարքավորումները:
Մեկ անգամ ևս զգուշացնում ենք, որ զանազան էլեկտրաջեռուցիչ սարքավորումների, գազասարքերի և վառարանների ոչ ճիշտ օգտագործումը, դրանց հետ անփույթ, անպատասխանատու վարվելն ու հրդեհային անվտանգության կանոնների ամենաաննշան խախտումն անգամ բավական են, որ կորցնեք նյութական արժեքներ, պատճառ դառնաք մարդկանց խեղանդամության կամ մահվան: