Բաժիններ՝

Խորվաթցի գեներալը «թույն է խմել» Հաագայի տրիբունալի նիստում

Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը (ՆՀՄՏ) նոյեմբերի 29-ին դադարեցրել է վճռաբեկ պալատի նիստն այն բանից հետո, երբ դատապարտյալներից մեկն իբր թույն է խմել: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Դատավճռի կայացման ժամանակ խորվաթական բանակի նախկին գեներալ Սլոբոդան Պռալյակը ցույց է տվել, որ ինչ-որ բան է խմում, իսկ պաշտպանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Պռալյակը թույն է խմել:

Դրանից անմիջապես առաջ այդ գործով նախագահող դատավոր Կարմել Ագիուսը ընթերցել է վճռաբեկ պալատի որոշումը, որն ուժի մեջ է թողել ավելի վաղ կայացված դատավճիռը, որը քսան տարվա բանտարկություն էր նախատեսում: Դատարանը որոշում է ընդունել դադարեցնել նիստը եւ բժիշկ կանչել:

ՆՀՄՏ-ի ինտերնետ-կայքում լսումների հեռարձակումը կասեցված է: Պռալյակի հետ միասին այդ գործով անցնում են Հերցեգ-Բոսնա խորվաթական պետական կազմավորման (իր գոյությունը դադարեցրել է 1995 թվականին Դեյթոնի հաշտության պայմանագրի կնքումից հետո բոսնիական պատերազմի ավարտմամբ) կառավարության ղեկավար Յադրանկո Պռլիչը, Հերցեգ-Բոսնայի ղեկավարության նախկին անդամ Բերիսլավ Պուշիչը, խորվաթական բանակի նախկին գլխավոր ռազմական տեսուչ Միլիվոյ Պետկովիչը, խորվաթական «Վեչա Օտբրանի» ռազմական ոստիկանության նախկին պետ Վալենտին Չորիչը եւ պաշտպանության նախկին նախարար Բրունո Ստոիչը:

2013 թվականին նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել Բալկաններում 1991-1995 թվականների զինված հակամարտության շրջանում կատարված ռազմական հանցագործություններում, մարդկության դեմ հանցագործություններում եւ Ժնեւի 1949 թվականի կոնվենցիայի լուրջ խախտումներում եւ դատապարտվել են 10-ից մինչեւ 25 տարի ժամկետով բանտարկության:

Դատավճիռը բողոքարկել են դատապարտվածներն իրենք, եւ դատախազությունը, որը չափազանց մեղմ է համարել կայացված դատավճիռները: Լսումների ընթացքում Ագիուսն ասել է, որ վճռաբեկ պալատը որոշակի սխալներ է գտել, որոնք դատական պալատի կողմից թույլ են տրվել բոլոր դատապարտյալների գործերի քննության ընթացքում:

Սակայն Պռլիչի համար, որն ավելի վաղ դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, Ինչպես նաեւ Ստոիչի եւ Պռալյակի համար, որոնք ստացել էին 20-ական տարի, դրանք չեն բերել պատժաժամկետների փոփոխման եւ «չեն կարող նոր դատավարության պատճառ դառնալ»: Պուշիչի, Պետկովիչի եւ Չորիչի նկատմամբ դատավճիռները վճռաբեկ պալատի նախագահող դատավորը չի հասցրել հրապարակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս