Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նոյեմբերի 30-ին Մինսկում նստաշրջան կգումարի: Հավաքական անվտանգության խորհրդի կազմում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: 2016-2017 թթ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում նախագահում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը կանցկացվի նեղ կազմով և լիագումար նիստի ձևաչափով: Դրան կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Պետությունների ղեկավարները կքննարկեն միջազգային իրավիճակի զարգացման միտումները և ՀԱՊԿ հավաքական անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Նախատեսվում է ընդունել Հավաքական անվտանգության պայմանագրի 25-ամյակի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հռչակագիրը:
Նախագահների քննարկմանը կներկայացվի «Մինչև 2025թ. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման ծրագրի մասին» որոշման նախագիծը:
Հաշվի առնելով, որ 2017-2018 թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունն անցնում է Ղազախստանի Հանրապետությանը՝ այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդին կներկայացնի մինչև հաջորդ նստաշրջանն ընկած ժամանակահատվածում Ղազախստանի նախագահության առաջնահերթությունները:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգում են միջազգային անվտանգության արդիական խնդիրների վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մի շարք քաղաքական հայտարարությունները:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն իր ամենամյա զեկույցում կտեղեկացնի 2016-2017 թթ. ՀԱՊԿ գործունեության և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նիստի որոշումների իրականացման մասին:
Կքննարկվեն նաև կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև քարտուղարության և ՀԱՊԿ միասնական շտաբի կառուցվածքին, Միասնական շտաբում պաշտոնների քվոտային բաշխմանը և 2018թ. ՀԱՊԿ բյուջեի ընդունման վերաբերյալ հարցերը:
Ակնկալվում է, որ կստորագրվեն տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցությանը և անօրինական միգրացիայի հակազդելու միջոցների կատարելագործմանն առնչվող համապատասխան փաստաթղթեր, ինչպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումները կազմակերպության խորհրդանիշի և դրոշի, հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ստորաբաժանումների հերալդիկ նշանի մասին:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում են ավելի քան 20 հարցեր:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկից առաջ կկայանա Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կայանալիք նիստի օրակարգի նախագծերը և ՀԱՊԿ Հավաքական խորհրդի նստաշրջանին ներկայացվելիք փաստաթղթերը:
ՀԱՊԿ Հավաքական խորհրդի նստաշրջանի աշխատանքներին կմասնակցի ՀԱՊԿ միասնական շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: