Հայաստանն օրենսդրությունը կհամադրի ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրին
Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից հետո այն պետք է վավերացնեն Եվրոպական Միության անդամ 28 երկրները, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ համաձայնագրի որոշ դրույթներ, այդ թվում՝ ֆինանսական որոշ մեխանիզմներ, արդեն իսկ ուժի մեջ են մտել, բայց համաձայնագիրը պետք է վավերացվի Եվրոպական Միության անդամ 28 երկրների կողմից: «Այնուհետև մեր խորհրդարանում կսկսվի օրենսդրության համադրման գործընթացը: Սա տևական գործընթաց է»,- նշեց Զոհրաբյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ համաձայնագիրը համարում է հաջողության բանալի Հայաստանի համար: «Որքանո՞վ Հայաստանը կկարողանա իսկապես օգտվել այդ հաջողության բանալիից և կատարել անշրջելի բարեփոխումներ, ցույց կտա ժամանակը: Այն, որ այս համաձայնագիրը լրջագույն բարեփոխումների հնարավորություն է տալիս Հայաստանին, դա միանշանակ է, բայց կլինի՞ այն քաղաքական կամքը այդ բարեփոխումները իրականացնելու, այստեղ ես կմնամ զուսպ լավատեսության շրջանակներում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարծում է, որ այս համաձայնագիրը Հայաստանի համար բարեփոխումներ իրականացնելու լավագույն հնարավորությունն է, որը ոչ մի դեպքում չի կարելի կորցնել: «Շատ դեպքերում ասում են, որ այս համաձայնագրում անվտանգության երաշխիքներ չկան: Միգուցե, կոշտ անվտանգության առումով համաձայնագիրը որևէ դրույթ չի պարունակում, բայց ես չեմ համաձայնի այդ գնահատականների հետ, որովհետև այս համաձայնագիրը իր բարեփոխումների փաթեթով հնարավորություն է տալիս կառուցել ժողովրդավարական պետություն, իսկ ժողովրդավար, արդար պետությունը, առանց կոռուպցիայի դատական համակարգը, առանց կոռուպցիայի պետական-իշխանական համակարգը, բարեփոխումները մաքսային, հարկային ոլորտներում, քաղաքականության, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների, էներգետիկ ոլորտներում այն լուրջ անվտանգության համակարգն է, որը տալու է մեզ այդ համաձայնագրի իրականացումը»,- եզրափակեց պատգամավորը:
Հայաստանը և Եվրոպական Միությունը նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով կողմերը հաստատակամություն են հայտնում ամրապնդել համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին: Համաձայնագրով նպատակ է հետապնդվում խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները: Կընդլայնվի նաև շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը:
Համաձայնագրում որպես ընդհանուր սկզբունքներ շեշտվում են ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը՝ ամրագրված մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում և 1990 թվականի Նոր Եվրոպայի փարիզյան խարտիայում, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան այլ փաստաթղթերում, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, կազմում է Կողմերի ներքին և արտաքին քաղաքականության հիմքը և սույն Համաձայնագրի կարևոր տարրը:
Կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքների, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության և արդյունավետ բազմակողմանիության վերաբերյալ իրենց հանձնառությունը: