««Գազպրոմը» ՌԴ կառավարությունից 155 դոլարով է գազը ստանում, իսկ մեզ վրա ծախում է 310 դոլարից ավելի գնով. այս ժողովուրդն արյունաքամ է արվում». Ստեփան Գրիգորյան
«Ինչո՞ւ դարձանք ԵՏՄ անդամ, որ հիմա մտածում ենք՝ ի՞նչ անենք, ո՞նց դուրս գանք այս ծանր վիճակից։ Առաջ պետք է նայենք, առաջն այն է, որ ունենք բավականին հաջող պայմանագիր Եվրոպայի հետ, եկեք՝ իրականացնենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրում չկա ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասը, հետևաբար, ըստ նրա՝ այդ համաձայնագիրն այնքան էլ խորը չէ.
«Բայց այն, ինչ կա նոր պայմանագրում, բավական կարևոր է մեզ համար։ Կոռուպցիայի դեմ պայքարը կարևո՞ր է, թե՞ ոչ։ Հայաստանի պրոբլեմների մեծ մասը ծնվում է կոռուպցիայից, կամ ինչո՞ւ է մեզ մոտ գազի գինն ուղիղ 2 անգամ ավելի մեծ, քան Ուկրաինայում։ Պատկերացնո՞ւմ եք՝ Ուկրաինան Ռուսաստանի հետ կիսապատերազմական վիճակում է, ուկրաինացիները 2 անգամ ավելի էժան են մուծում «Գազպրոմին»։
Ես չէի քննադատի «Գազպրոմին», եթե Հայաստանի ներսում հայաստանյան կազմակերպությունը գազ բաժաներ։ Բայց Հայաստանի ներսում «Գազպրոմն» ունի մենաշնորհ, ու նա է մեզ վրա գազը վաճառում։ «Գազպրոմը» Ռուսաստանի կառավարությունից 155 դոլարով գազը ստանում է, մեզ վրա ծախում է 310 դոլարից ավելի գնով»։
Նա նշեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրում հստակ նշված է մենաշնորհների դեմ պայքարի մասին.
«Ավիատոմսերի գները ևս կնվազեն։ Ես շատ զարմացած եմ, որ դա շատ քիչ է քննարկվում մեզ մոտ։ Վրաստանի համեմատ՝ մենք 5-6 անգամ թանկ ենք վճարում ավիատոմսերի համար, դա կատակ չէ, արյունաքամ է արվում այս ժողովուրդը։ Մի հատ թռչելը Մոսկվա, Փարիզ կամ Բեռլին՝ նստում է 400-450 եվրո, վրացիները նույն չվերթերով 100 եվրոյով գնում են Եվրոպա ու վերադառնում։ Ու այդ պայմանագիրը շանս է տալիս, որ այստեղ մենք փոխենք իրավիճակը, ինչո՞ւ չօգտագործենք»։