Բաժիններ՝

Ջրի վարձավճարի թանկացումը սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018թ. ընթացքում

Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծով ջրի սակագնի 11.4 դրամով թանկացումը մանրածախ սպառողների համար կսուբսիդավորվի ողջ 2018 թվականի համար։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից։

«Վարչապետի կողմից տրված հանձնարարականը վերաբերում էր 2018 թվականին, ըստ այդմ՝ կառավարության կողմից սուբսիդավորման ժամանակահատվածը ընդգրկում է 2018թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը: Սուբսիդավորման ժամանակահատվածը հաշվարկվում է բյուջետային տարվա կտրվածքով»,-ասված է պատասխանում։

Սուբսիդավորման ֆինանսական միջոցները հատկացվելու են պահուստային ֆոնդից: «Մեխանիզմը հետևյալն է. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տրամադրում է եռամսյակային կտրվածքով մանրածախ ջրամատակարարման ծավալները, դրանից հետո Ջրային տնտեսության պետական կոմիտեն համապատասխան առաջարկ է ներկայացնում կառավարություն՝ պահուստային ֆոնդի միջոցներից սուբսիդիայի հատկացման համար»,-հայտնել են կոմիտեից։ Սուբսիդավորման գումարի ծավալը կախված կլինի փաստացի մատուցված ջրամատակարարման և ջրահեռացման ծավալներից: «Ըստ այդմ՝ հաջորդ եռամսյակային կտրվածքով հաշվարկները Կառավարություն կներկայացվեն 2018 թվականի ընթացքում»,-տեղեկանում ենք Ջրային տնտեսության պետական կոմիտեից։

2017 թվականի նոյեմբերի 22-ին ՀԾԿՀ-ն խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, որն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։ Հաշվի անելով ՀՀ վարչապետի կողմից սպառողների համար ջրի սակագինը նույնը թողնելու հանձնարարականը՝ սպառողների համար ջրի վարձավճարը կսուբսիդավորվի։ ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը ՀԾԿՀ նիստի ժամանակ հայտնեց, որ ջրի սակագնի 11.4 դրամ թանկացումը սուբսիդավորվելու է «Վեոլիա ջուր» ընկերության վարձակալության գումարների հաշվին և որ իրենք սահմանված ժամկետում կառավարություն կներկայացնեն որոշման նախագիծը։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշյալ հանձնարարականը տվել էր Կառավարության նոյեմբերի 2-ի նիստում։ Նա հանձնարարել էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին ջրի սակագնի փոփոխության դեպքում 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործող մանրածախ սակագների պահպանման վերաբերյալ որոշման նախագիծ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս