Հայ գործարարները հիասթափված են. Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը ոչ թե խաշի սեղանի, այլ «խմորեղեն-գինի» եվրոպական ֆորմատով է եղել.«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աղվերան Կարեն Կարապետյանի հետ հանդիպման գնացած հայ գործարարների հիասթափությունը մեծ է եղել՝ հանդիպումը ոչ թե խաշի սեղանի, այլ «խմորեղեն-գինի» եվրոպական ֆորմատով է եղել, տեւել է ժամից ավելի։ Ներկա է եղել մոտ 20 գործարար, տնտեսական բլոկի նախարարներ, այդ թվում՝ ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը։

Հիմնական նյուզմեյքերը եղել է Կարեն Կարապետյանը, որին էլ գործարարները ներկայացրել են իրենց մտահոգությունները։ Խոսվել է տուրիզմի, էներգետիկ ոլորտի, փոքր եւ միջին ձեռնարկատերերի, հարկային եւ մաքսային խնդիրների մասին։ Ձեռներեցները վարչապետին ասել են՝ եթե շրջանառության հարկի շեմը փոքրացվի, փոքր բիզնեսը կմեռնի։ Վարչապետը համաձայնել է նրանց հետ եւ ասել, որ պետք է մտածել այդ ուղղությամբ։ Գործարարներն առաջ են քաշել նաեւ Վրաստան գնալ-գալու խնդիրը, երբ «չորս տեղ անձնագիր են ստուգում․ Բավրայի որ հատվածում ում մտքով անցնում՝ անձնագիր է պահանջում»։ Գործարարներն առաջարկել են անձնագիր պահանջել «մեկ պատուհան» սկզբունքով։ Վարչապետն այս հարցում եւս համակարծիք է եղել նրանց հետ։ Խոսվել է հարկային նոր օրենսգրքի մասին, Վարդան Հարությունյանի կողմից անդրադարձ է եղել «Առինջ մոլի» ստուգումներին։ ՊԵԿ ղեկավարը եւս մեկ անգամ անդրադարձել է «Առինջ մոլի» հարկային գումարների չափին։ «Փորձում ենք ճշտել, թե ինչ վիճակ է այնտեղ»,- ասել է նա։ Վերջում բոլորով գնացել են թեյ խմելու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս