«Հայաստան-ԵՄ համաձայնագիրը մեզ տալու է բավականին մեծ հնարավորություններ ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիայի գործում». Անժելա Խաչատրյան
«Բնականաբար, սա այն չէր, ինչին մենք սպասում էինք, այն, ինչ մինչև 2013 թվականը բանակցում էինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասաց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:
Նա նկատեց, որ այսօր չունենք ասոցիացման համաձայնագիր, բայց ունենք ընդլայնված համագործակցության համաձայնագիր, որը ևս կարևոր ձեռքբերում է. «Դեռևս այն ժամանակ, երբ նախաստորագրվեց այս համաձայնագիրը, ես ինքս ասել եմ, որ այն նախադրյալները, որ կան, և այն գործընթացները, որ գնում են համաձայնագրի շուրջ, թույլ է տալիս կանխատեսել, որ, այնուամենայնիվ, կստորագրվի: Իհարկե, խնդիրներ եղան, որոշակի ինտրիգներ, հիստերիկ երևույթներ մեր ռազմավարական գործընկեր երկրի կողմից, բայց լավ է, որ ստորագրվեց»:
Ա. Խաչատրյանի խոսքով՝ համաձայնագիրը մեզ տալու է բավականին մեծ հնարավորություններ ԵՄ-ի հետ հետագա ինտեգրացիայի գործում. «Բնականաբար, սա լինելու է այն հենքը, որով շարժվելու է ՀՀ-ն իր՝ ԵՄ-ի հետ մնացած համագործակցության առումով, սա, իհարկե, լիիրավ անդամակցում չէ, ասոցիացում չէ, բայց, այնուամենայնիվ, ստանդարտները, որ կան, այդ ստանդարտներով աշխատելու ենք, ու, բնականաբար, աշխատանքը մեր կողմից պետք է լինի»:
Նա նկատեց, որ համաձայնագրում հստակ ֆիքսված է, որ ԵՄ-ն աջակցում է ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված Մինսկի խմբի աշխատանքների շրջանակներում. «Դա այն ֆորմատն է, որն ընդունելի է ԵՄ-ի և Հայաստանի կողմից: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ այստեղ հավասարը հավասարին շեշտված է թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքը, թե՛ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Սա այն հիմնական նորմերն ու սկզբունքներն են, որ կան նաև Հելսինկյան խարտիայում, որի հիման վրա ընթանում են բանակցությունները: Այսինքն՝ ԼՂՀ հակամարտության հետ կապված համաձայնագիրը ևս հստակ իր մոտեցումները ֆիքսել է»:
Ա. Խաչատրյանի դիտարկմամբ՝ սա չի նշանակում, որ մենք կարող ենք ասել, որ ապրում ենք եվրոպական Հայաստանում. «Քայլերը մեզնից պետք է լինեն, ՀՀ իշխանությունները պետք է ունենան բավարար կամք, որպեսզի իրականացնեն այն, ինչ կա գրված համաձայնագրում, և ոչ թե դա մնա այն, ինչ կա թղթի վրա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: