Բաժիններ՝

Հռոմի պապն առաքելական այցով ժամանել է Մյանմա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 27-ին առաքելական այցով ժամանել է Մյանմա՝ դառնալով Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ այս երկիր ժամանած առաջին ղեկավարը։

Քահանայապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մյանմայի խոշորագույն քաղաքի՝ Յանգոնի օդանավակայանում: Ֆրանցիսկոսի այցն ուղիղ եթերով ցուցադրել է տեղական MITV հեռուստաալիքը: Տեղի բնակիչները քահանայապետի ժամանմանն սպասում էին Յանգոնի փողոցներում եւ օդանավակայանի շենքի մոտ՝ ձեռքներին բռնած նրա դիմանկարները եւ ողջույնի մակագրություններով պլակատներ:

Ինչպես հայտնում են այցի կազմակերպիչները, Հռոմի պապը Մյանմայում կգտնվի մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ: Պլանավորված են քահանայապետի հանդիպումները հանրապետության նախագահ Տհին Չժոյի, պետական խորհրդական եւ Մայանմայի դե-ֆակտո քաղաքական առաջնորդ Աուն Սան Սու Չժիի, ինչպես նաեւ բանակի գլխավոր հրամանատար Մին Աուն Խլաինգի հետ: Նոյեմբերի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ինչպես սպասվում է, Յանգոնում պատարագ կմատուցի, իսկ հաջորդ օրը կմեկնի երկրից եւ կուղեւորվի հարեւան Բանգլադեշ:

Հիսունմիլիոնանոց Մյանման առավելապես բուդդայական երկիր է: Տեղի կաթոլիկների համայնքը ներառում է շուրջ 700 հազար մարդ: Վատիկանի եւ Մյանմայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են այս տարվա մայիսին: Սուրբ Աթոռի ղեկավարի՝ Մյանմա այցի կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել էին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր այցի ընթացքում մտադիր չէ տեղի իշխանությունների հետ քննարկել Ռաքհայն արեւմտյան նահանգում ստեղծված ճգնաժամը, որը հանգեցրել է ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների՝ Բանգլադեշ զանգվածային փախուստին: Հոգեւորական Մարիանո Սո Նայնի խոսքով՝ պապը «տեղեկացված է Ռաքհայնի իրադրության մասին եւ այն շատ լավ է հասկանում», սակայն այցի գլխավոր նպատակը «կաթոլիկներին ոգեշնչելն է՝ պաշտպանելու Մյանմայում տեղի ունեցող փոփոխությունները, քննարկելու փոխգործակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս