Մոսկվայի դատարանն ամուսնալուծեց Ջիգարխանյանին և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային
Մոսկվայի Կունցեւոյի շրջանի հաշտարար դատական տեղամասը բավարարել է դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի մասին հայցը: Այդ մասին նոյեմբերի 27-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի Կունցեւյան դատարանի մամուլի քարտուղար Դարյա Գալկինան:
«Դատարանը փակ դատական նիստում պաշտոնապես լուծեց Ջիգարխանյանի եւ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը»,-ասել է դատարանի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաշտարար դատարանը փակ ռեժիմով զրույց է անցկացրել կողմերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Ջիգարխանյանի փաստաբանները միջնորդություն են հայտարարել դատաքննությունը փակ ռեժիմով անցկացնելու մասին: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչները պաշտպանել են նրանց խնդրանքը:
Դատարանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը, քանի որ քաղաքացիական գործը «վերաբերում է քաղաքացիների անձնական կյանքին»: Ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան չէր առարկում ապահարզանի դեմ: «Ամուսինները համատեղ ձեռք բերված ունեցվածք չունեն, ամեն ինչ Ռոմանովսկայայի վրա է գրված»,-նշել է նա, հիշեցնելով, որ պաշտոնապես ամուսնությունը կնքվել էր 2016 թվականի փետրվարի 25-ին:
Ավելի վաղ 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որն զբաղեցնում էր Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնի տնօրենի պաշտոնը, սեփական ցանկությամբ ազատվել է աշխատանքից: