Հավայան կղզիներում սառը պատերազմից հետո առաջին անգամ միջուկային հարվածի մասին նախազգուշացնող շչակ կլսեն
Հավայան կղզիներում դեկտեմբերի սկզբին միջուկային հարվածի վտանգի մասին ազդարարող տագնապի շչակ կհնչի սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ: Ինչպես նոյեմբերի 26-ին հայտնել է Միացյալ Նահանգների NBC հեռուստաալիքը, սույն միջոցը կձեռնարկվի ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ծագած լարվածության ֆոնին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, սկսած դեկտեմբերի 1-ից Հավայան կղզիներում կսկսեն ամեն ամիս փորձարկել շչակ, որը պետք է բնակիչներին նախազգուշացնի, որ կղզեխմբին սպառնում է հարձակում՝ միջուկային զենքի կիրառմամբ: Այդ ազդանշանը կհնչի ցունամիների կամ փոթորիկների վտանգի մասին ազդարարելուց անմիջապես հետո: Այն նույնպես ամեն ամիս միացնում են վարժական նպատակներով:
Հեռուստաալիքը մեջբերում է Հավայիի նահանգի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Վեռն Միյագիի խոսքից: Ինչպես նշել է նա, այս միջոցները թելադրված են ԿԺԴՀ-ից բխող վտանգով, որն ակտիվորեն զարգացնում է հրթիռային եւ միջուկային ծրագրերը: Միյագին արձանագրել է, որ Փենյանի կողմից Հավայան կղզիների վրա հարձակումը քիչ հավանական է, սակայն վտանգ գոյություն ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: