Ինդոնեզիան շուրջ 100 հազար մարդ է տարհանում Բալիում հրաբխի ժայթքման պատճառով
Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզում շուրջ 100 հազար մարդ տարհանման է ենթակա Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով: Այդ մասին նոյեմբերի 27-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գերատեսչության ներկայացուցչիներին:
Արդեն մոտավորապես 40 հազար մարդ լքել են հրաբխի մերձակայքում գտնվող իրենց տները, սակայն տարհանվածների թիվը առաջիկայում կմեծանա ավելի քան կրկնակի: Ինդոնեզիայի իշխանությունները նոյեմբերի 27-ին ըստ 4-բալանոց սանդղակի առավելագույնին են հասցրել Բալի կղզում ակտիվացած Ագունգ հրաբխից սպառնալիքի մակարդակը:
Գերատեսչության տվյալներով՝ ընթացիկ ակտիվությունը վկայում է հզոր ժայթքման բարձր հավանականության մասին: Հրաբխի ժայթքման պատճառով Բալիի օդանավակայանում չեղարկվել են առնվազն 445 ավիաչվերթեր, այդ թվում՝ 196 միջազգային, հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել կղզուց:
1963 թվականին Ագունգ հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվել է 1,5 հազար մարդ, եւս շուրջ 100 հազար բնակիչներ զրկվել են օթեւանից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: