Բաժիններ՝

ՀՀ ԶՈւ մայոր Սարգիս Ստեփանյան. Նպատակը մեկն է՝ շարունակել հաջողություններ գրանցել թե՛ ծառայության մեջ, թե՛ սպորտում

ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը, ով բազկամարտի աշխարհի չեմպիոն է դարձել հաշմանդամություն ունեցողների մրցումներում, «ArmSport.am»-ի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

«Աննկարագրելի տպավորություններով եմ վերադարձել Լեհաստանից, քանի որ փաստորեն կատարեցի, նույնիսկ՝ գերակատարեցի այն նպատակները, որ ինքս դրել էի իմ առջև, ինչի համար անսահման ուրախ եմ:

Ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված, առաջնությանը բավականին մեծ թվով և լուրջ մարզիկներ էին մասնակցում»,- մեզ հետ զրույցում նշեց Սարգիս Ստեփանյանը:

Պարոն Ստեփանյանի խոսքով, այս առաջնությանն ինքը նախախատրաստվել էր գիշերուզօր քրտնաջան աշխատելով.

«Քրտնաջան աշխատանքի ու մարզումների շնորհիվ կարողացա հասնել այս դրական արդյունքին: Մի քանի ամիս առաջ մասնակցել էի Եվրոպայի առաջնությանը, որտեղ այնքան էլ հաջող հանդես չեկա և այնպես ստացվեց, որ ԵԱ-ում չեմպիոնություն նվաճած մարզիկների հետ մրցեցի աշխարհի Գավաթի խաղարկությունում, և բոլորին կարողացա հաղթել»,- պատմեց Սարգիս Ստեփանյանը:

Հարցին՝ արդյոք ԵԱ-ում անհաջողությու՞նը լրացուցիչ շարժառիթ դարձավ ԱԱ-ին ավելի լավ նախապատրաստվելու և հանդես գալու համար, մարզիկը նշեց.

«Անհաջողության դեպքում առհասարակ չի կարելի նեղստրել, հուսալքվել, ընդհակառակը պետք է հասկանաս՝ որոնք են քո թույլ կողմերը, կենտրոնանաս դրանց շուրջ աշխատելու վրա: Անհաջողությունն անպայման պետք է լրացվի հաջողությամբ: Իսկ ԱԱ-ում հաղթանակն իմ նպատակն էր, որին կարողացա հասնել»:

Սարգիս Ստեփանյանը նաև խոսեց Լեհաստանի մեր հայրենակիցների հսկայական աջակցության մասին՝ հայտնելով, որ նրանք միշտ իրենց կողքին են եղել.

«Պետք է նշեմ, որ հայկական համայնքը մեզ հաճելիորեն զարմացրեց: Նրանց կողմից այնպիսի աջակցություն ենք ստացել, որ հավատացեք՝ Հայաստանի հայերը նման աջակցություն, երևի, չէին կարողանա ցույց տալ: Մենք գտնվում էինք Հայաստանից դուրս, բայց կարելի է ասել՝ Հայաստանի սրտում: Սկսած օդանավակայանում մեզ դիմավորելուց, հետո՝ մրցումների տանել-բերելուց, մինչև վերջին վայրկյանը մեզ հիանալի վերաբերմունք են ցուցաբերել և ամեն ինչով օգնել են:

Պատկերացրեք, Վարշավայից մարդիկ՝ իրենց ընտանիքներով, մի քանի մեքենաներով կտրել էին 400 կմ սառած ճանապարհ ու եկել Ռումիա քաղաք, որտեղ ընթանում էր առաջնությունը, որպեսզի աջակցեն մեզ: Անհավանական աջակցություն էր, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր հայրենակիցներին»,- նշեց պարոն Ստեփանյանը:

Ինչպես հայտնի է, Ստեփանյանը հաղթող է դարձել 75 կգ (PID-sitting – հենաշարժողական համակարգի խնդիրներով) և 80 կգ (PIDH-sitting – վերին վերջույթների խնդիրներով) քաշային կարգերում: Հայ մարզիկը երկրորդ տեղը զբաղեցրել է Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում: Ամեն դեպքում, ո՞ր մրցելույթն ամենից բարդը ստացվեց.

«Ընդամենը մեկ մարզիկի եմ պարտվել, այն էլ՝ բացարձակ քաշային կարգում: Ռուս տղա էր, պարտությունս էլ տեխնիկական է եղել, քանի որ իմ ձեռքն ինքը չի հասցրել բարձիկին: Նա շատ խելացի վարվեց, ձեռքի այնպիսի դիրք էր ընտրել, որ ես խախտեմ կանոնները: Բավականին հնարամիտ գործեց, բայց ֆիզիկական առումով, ամեն դեպքում, չէի զիջում, նույնիսկ՝ գերազանցում էի նրան»,- ասաց մարզիկը:

Սարգիս Ստեփանյանը ցանկացավ նաև շնորհակալական խոսք ուղղել իր մարզչին՝ Արտավազդ Նալբանդյանին, ում կատարած հսկայական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հասնել այս արդյունքին.

«Իմ հաջողություններում շատ մեծ է նրա դերը: Կցանկանամ շնորհակալություն հայտնել նաև «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամին, որոնց անմիջական հովանավորչությամբ հնարավոր եղավ մեր մասնակցությունը Լեհաստանում կայացած առաջնությանը: Փառք Աստծո, դրական արդյունքի հասանք»:

Սարգիս Ստեփանյանը հիմնականում հանդես է գալիս բազկամարտում, բայց ուժերը փորձում է նաև մեկ այլ մարզաձևում` կշռաքարի բարձրացում։

2015 թվականին Ստեփանյանը 32 կգ կշռաքարը բարձրացրել է 9 անգամ, իսկ մոտ երկու ամիս առաջ ռեկորդ է սահմանել՝ այդ թիվը 4-ով ավելացնելով, ընդ որում` կանգնած դիրքով ու պրոթեզներով։ Այս պահին ռեկորդը գրանցվել է Դյուցազնագրքում, իսկ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար որոշակի փաստաթղթեր պետք է լրացնել։

«Որոշ պահանջներ կան, բայց մոտ ժամանակներս դրանով կզբաղվենք, տեսանյութ պետք է ուղարկենք, ու կարծում եմ՝ դրական պատասխան կգա, քանի որ չեմ կարծում՝ նման բարդություն ունեցող մարդ այդքան կբարձրացնի: Եթե բարձրացնեն, ես էլ ավելի շատ կբարձրացնեմ (խմբ. – ծիծաղում է)»:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Սարգիս Ստեփանյանը նշեց, որ ինքը մեկ շաբաթ կհանգստանա, այնուհետև կշարունակի մարզումները՝ նվաճված հաջողությունը պահպանելու և շարունակական դարձնելու համար.

«2018 թվականի մայիսին Բուլղարիայում կկայանա Եվրոպայի առաջնությունը, որին ևս պետք է պատշաճ կերպով նախապատրաստվել: Ես, ամեն դեպքում, չեմ բավարարվում եղած հաջողություններով, ու կձգտեմ նոր հաղթանակների»:

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջն ականապատված տարածքից դուրս հանելու ժամանակ վիրավորում է ստացել ու կորցրել 3 վերջույթը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս