Աստղանավորդ Տոմա Պեսկեն տիեզերական լուսանկարների ալբոմ է թողարկել
Աստղանավորդ Տոմա Պեսկեն ուղեծրից տված իր ռեպորտաժների ժամանակ ազնվորեն խոստովանել է, որ Միջազգային տիեզերակայանի դիտարանի գմբեթից լուսանկարելն իր սիրած զբաղմունքներից մեկն է դարձել ազատ ժամանակ, այսինքն՝ յուրաքանչյուր կիրակի օրվա երեկոյան: Եվ նախասիրած զբաղմունքը զուր չի անցել. Եվրոպայի տիեզերական գործակալության աստղանավորդը, 196 օր անցկացնելով ուղեծրում, այժմ Երկրի վրա իր արած լուսանկարների մեծ ալբոմ է թողարկել։
320 էջ ծավալով գիրքը, որը վերնագրված է “Terre (s)” («Երկիր եւ երկրներ»), թողարկվել է Փարիզի Michel Lafon խոշորագույն հրատարակչության կողմից: Այն պատմում է մեր մոլորակի ամբողջ գեղեցկության ու նաեւ այն մասին, որ այն բնավ պաշտպանված չէ:
«Տիեզերական» լուսանկարչական ալբոմը թողարկվել է 5 հազար օրինակ տպաքանակով: 39,95 եվրո գնով գրքի բոլոր հեղինակային հոնորարները Պեսկեն փոխանցել է «Սրտի ռեստորաններ» բարեգործական կազմակերպությանը, որը ուտելիք է պատրաստում Ֆրանսիայում կարիքավոր եւ անօթեւան մարդկանց համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: