«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց 12,5 մլն ԱՄՆ դոլար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2017»-ի արդյունքում հավաքվեց 12 մլն 505 հազար 456 ԱՄՆ դոլար: Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. Արցախում խորքային հորերի հորատմանն ու նոր ոռոգման ցանցի կառուցմանը, ինչպես նաև արևային էներգիայի կայանների տեղադրմանը առաջին փուլով Ասկերանի շրջանում և Շուշիում։
Նախորդ տարի «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացված հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 15.4 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանիքիների համար առանձնատների կառուցմանը։
Գործունեության 25 տարիների ընթացքում Հիմնադրամը մոտ 700 հազար նվիրատուների շնորհիվ ավելի քան 50 հազար ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում՝ ընդհանուր 350 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ: Կառուցվել, վերակառուցվել և իրականացվել են ավելի քան 605 կմ ճանապարհ, 580 կմ ջրագիծ ու ջրատար, 149 կմ գազամուղ, 70 կմ էլեկտրագիծ, 359 դպրոց և մանկապարտեզ, 24 համայնքային կենտրոն, 500 տուն և բնակարան, 75 առողջապահական հաստատություն, 58 մշակութային ու սպորտային կենտրոն, 100 ջերմոց, 169 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր: